Այս օրինագիծն ունի իր կարգավորման շրջանակը, և, այո՛, մեկ օրենք, պարոն Մարուքյան, չի կարող առողջացնել հիվանդ, աղճատված քաղաքական համակարգը: Այդ մասին «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասաց նախագծի համահեղինակ Համազասպ Դանիելյանը՝ արձագանքելով ԼՀԿ խմբակցության ղեկավարին:
Պատգամավորը նշեց, որ օրենքն ընդամենը այն անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է, որին պետք է ավելացնել մի քանի այլ հանգամանք՝ օրենքի կիրարկումը, ինստիտուցիոնալ կարողությունները, աստիճանաբար քաղաքական մշակույթի ձևավորումը:
Անդրադառնալով Արման Բաբաջանյանի նշած կուսակցությունները փակելու հնարավորությանը՝ Դանիելյանը նշեց, որ կուսակցությունների գործունեության արգելումը ծայրահեղ միջոց է, ոչ ընդունելի ժողովրդավարական երկրներում, սակայն եթե կուսակցությունը սահմանադրական կարգի դեմ հանցագործություն է իրականացնում, փակելու հնարավորություն կա:
Օրենքի համահեղինակն ասաց, որ նախագծի շրջանակում արել են առավելագույնը քաղաքական կուսակցությունների գործունեության համար՝ մի կողմից՝ ազատական և նպաստավոր պայմաններ ստեղծելու, մյուս կողմից՝ այդ միավորների գործունեությունը հանրության առջև թափանցիկ և պատասխանատու դարձնելու առումով: