Ազգային ժողովը քննարկեց ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Գործող կարգավորումները նախատեսում են Վճռաբեկ դատարանի պալատի նախագահների կամ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար նույն ատյանում երեք տարվա պաշտոնավարման ժամկետ: Սա կարող է որոշակի առումով խոչընդոտներ ստեղծել ընդհուպ մինչև սահմանադրական խոչընդոտներ, որովհետև հատկապես այն պարագայում, երբ, օրինակ, ձևավորվի Վճռաբեկ դատարանի նոր պալատ, ակնհայտ է դառնալու, որ այդ պալատում չկա որևիցե մեկը, որը Վճռաբեկ դատարանում պաշտոնավարել է 3 տարի, իսկ մյուս պալատներից, եթե նոր մասնագիտացված պալատներ ենք ստեղծելու, ապա տեղափոխումը այդ պալատ ևս կարող է որոշակի խնդիրներ ստեղծել, որովհետև խոսքը վերաբերում է համապատասխան մասնագիտացումներին»,- տեղեկացրեց նախագծի համահեղինակներից ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նախագծով առաջարկվում է վերացնել երեք տարվա ժամկետը, որն օրենսգրքով պահանջվում է տվյալ ատյանում պաշտոնավարման համար, փոխարենը նախատեսվում է ընդհանուր դատական ստաժի եռամյա ժամկետ: Վարդանյանն ասաց, որ նման փոփոխությունը հնարավորություն կտա նաև ապահովել Վճռաբեկ դատարանում նոր կադրերի ներառումը՝ դրանով իսկ ապահովելով Վճռաբեկ դատարանում դատական իշխանության հաջորդականությունը՝ նոր դատավորներին հնարավորություն ընձեռելով տեղափոխվել տարբեր ատյաններից մինչև Վճռաբեկ դատարան: