Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն առցանց ձևաչափով մասնակցել է մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին, որն անց էր կացվում Նիդեռլանդների նախագահությամբ:
Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը կարևորել է անկախ մամուլի դերը ժողովրդավարական հասարակություններում՝ զսպումների և հակակշիռների համակարգի կենսունակության ապահովման գործում, անդրադարձել է նաև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված լրատվական գործունեության սահմանափակումներին և այլ մարտահրավերների:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում մասնավորապես նշել է․ «Անկողմնակալ տեղեկատվության անհրաժեշտությունը շեշտակի աճում է ռազմական հակամարտությունների ժամանակ, ինչը դրսևորվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ընթացքում։ Հայաստանը և Արցախը օտարերկրյա լրատվամիջոցների ավելի քան 800 ներկայացուցիչների համար ապահովել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և հասանելիություն։ Ցավոք, հակամարտության մյուս կողմը շարունակեց ազատ մամուլի դեմ իր սահմանափակումները և զբաղվեց ապատեղեկատվության տարածմամբ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները կոծկելու նպատակով։
Բացի այդ, պատերազմական առաջին շաբաթների ընթացքում ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները, «Արմենիա» հեռուստաընկերության անձնակազմը և ռուս լրագրողների խումբն Արցախի տարբեր վայրերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծության և նպատակաուղղված թիրախավորման ենթարկվեցին՝ ստանալով ծանր վնասվածքներ։ Որոշ լրագրողներ ադրբեջանական սոցիալական հարթակներում ուղղակի սպառնալիքներ և Լեռնային Ղարաբաղից հեռանալու պահանջներ են ստացել։
Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվում էր ուղղորդված ատելության խոսքով և էթնիկ հայերի դեմ թշնամանքով, ինչը տասնամյակներ շարունակ խրախուսվում էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո հայերի նկատմամբ բռնության և դաժանության այդ կոչերը շարունակում են դրսևորվել հայ գերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքով: Գիտակցելով, որ ատելության խոսքը վայրագ հանցագործությունների համար հող է նախապատրաստում, մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում խոսքի ազատության և ատելության խոսքի միջև ճիշտ հավասարակշռությունը գտնելու գործում»։
Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը մամուլի ազատության և լրագրողների անվտանգության ապահովման գործում։