Jerusalem Post-ին տված հարցազրույցից հետո Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին կանչել են Իսրայելի արտաքին գործերի նախարարություն:
Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն ավելի վաղ թերթին տված հարցազրույցում ասել էր, որ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնում է ոչ թե Իրանը, այլ իսրայելա-պաղեստինյան չկարգավորված հակամարտությունը: «Տարածաշրջանի խնդիրը ոչ թե Իրանի գործունեության, այլ երկրների փոխըմբռնման և արաբա-իսրայելական և պաղեստինա-իսրայելական հակամարտություններում ՄԱԿ-ի բանաձևերը չկատարելու մեջ է»,- մեջբերում է թերթը Վիկտորովի խոսքերը:
Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական և ռազմավարական վարչության պետ Ալոն Բարը հանդիպման է կանչել Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին և կտրականապես առարկել է դեսպան Վիկտորովի դիտողություններին:
Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնության դեսպանին բացատրել է, որ նման հայտարարությունները «չեն համապատասխանում Մերձավոր Արևելքի իրողություններին, որոնք բազմիցս քննարկվել են երկրների միջև դիվանագիտական ուղիներով քաղաքական բանակցությունների ընթացքում»,- ասված է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ: