Իրանի անվտանգության ծառայությունները հայտնաբերել և բերման են ենթարկել իրանական միջուկային գիտնական և պաշտպանության փոխնախարար Մոհսեն Ֆահրիզադեի սպանության համար կասկածվող մի քանի անձի: РИА Новости-ն ներկայացրել է Իրանի խորհրդարանի Միջազգային հարցերով նախագահի օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հարցազրույցը Al-Alam հեռուստաալիքին:
Խորհրդարանականը սպանության պատասխանատու է համարել Իսրայելին՝ շեշտելով, որ Իսրայելն այդ հարցում «կատարել է իր դերը»: Միևնույն ժամանակ, պաշտոնյան չի բացառել, որ մահափորձին կարող էին մասնակցել «ամերիկյան կամ այլ հատուկ ծառայություններ»:
Ըստ Աբդոլլահիանի, նախկինում Իսրայելը նման նպատակների համար օգտագործել է այլ օտարերկրյա հետախուզական ծառայությունների հնարավորությունները և ներգրավել ոչ իր «կատարողներին»:
Ֆահրիզադեն սպանվեց նոյեմբերի 27-ին Թեհրանի նահանգում կատարված մահափորձի ժամանակ: Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ գիտնականը ղեկավարում էր գերատեսչությունում հետազոտությունների և նորարարությունների կազմակերպման բաժինը: Նա նաև երկրի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ էր: