ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հանգստյան օրերին կլինեն Բաքվում ու Երևանում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրային ռադիոն:
Տեղեկությունն այսօր հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով խորհրդականի պարտականություններ կատարող Ֆիլիպ Ռիկերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսին կից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (Հելսինկիի հանձնաժողով) անդամների համար ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ու Հայաստանին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀՄ Մինսկի համանախագահների ձևաչափով։ Ռիկերը հայտնել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Ժնևում է ու հանդիպումներ է անցկացնում Վրաստանի հարցով ժնևյան գործընթացի շրջանակում։
«Այս շաբաթ-կիրակի նա Մինսկի խմբի այլ համանախագահների հետ կմեկնի երկու մայրաքաղաք՝ ինչպես Բաքու, այնպես էլ Երևան, որ հասկանա, թե որտեղ կարող ենք առաջ շարժվել այդ հակամարտության դիվանագիտական կարգավորման հարցում»,- ասել է Ռիկերը։
Նա ավելացրել է, որ Մինսկի խմբի ձևաչափն ինքնին հաջող է, քանի որ զգալի հատված՝ 30 տարի, խաղաղություն էր՝ «նույնիսկ, եթե փխրուն»։ Ռիկերը նշել է՝ ԱՄՆ-ը պնդում է, որ բանակցությունների սեղանի շուրջ «կայուն լուծում» մշակվի։