«Մենք մեր խնդիրները, մեր մանդատը ստանում ենք Հայատանի Հանրապետության ժողովրդից, և ՀՀ ժողովրդի տված մանդատն ու լիազորությունն է այն շրջանակը, որով պետք է Հայաստանի Հանրապետությունը ներկայացնենք մեր ունեցած կամ իմ ունեցած լիազորությունների շրջանակում: Մեր երկիրը բավականին բարդ իրավիճակում է, և մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ուժերը այդ բարդ իրավիճակը հաղթահարելու համար»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին:
Փաշինյանն ընդգծեց՝ ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, և մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու և արտահայտվելու հնարավորություն ունենա, և առանձին վերցված խմբերի ձայները չշփոթվեն ժողովրդի ձայնի հետ:
«Մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո կամ որևէ սոուսի մեջ վտանգի չենթարկվի: Այսօրվա իմ և մեր Կառավարության ամենամեծ անելիքը համարում եմ դա»,- նշեց վարչապետը: