Եվրասիական հարցերով ամերիկյան պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերն ամերիկյան օրենսդիրների հետ զրույցում հավաստել է, որ հետևում էր Արցախյան պատերազմին, շարունակում է համարել, որ ուժային լուծում չի կարող լինել։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը ողջունում է կրակի դադարեցումը: Սակայն Պետքարտուղարությունը հարցեր ունի։ Հատկապես՝ Թուրքիայի վերաբերյալ: «Շատ մտահոգ էինք ու հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի, օտար զինյալներ բերելու և զենքեր տրամադրելու առնչությամբ։ Սրանք շարունակում են մտահոգիչ փաստեր լինել և Թուրքիայի, իհարկե, նաև Ռուսաստանի հետ մեր երկխոսության մասն են կազմում»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Բարձրաստիճան դիվանագետը խոսել է ԵԱՀԿ դերը կրկին ակտիվացնելու անհրաժեշտության մասին։ Առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները գալու են տարածաշրջան։ «Մենք միջոցներ ենք հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վերանորոգման և մարդասիրական օգնության համար։ Առաջ շարժվելով՝ Հելսինկյան գրասենյակի հետ այս նպատակով շարունակելու ենք կապ պահել»,- տեղեկացրել է նա։ Ռիկերը Կոնգրեսի անդամների հետ զրույցի ընթացքում չի անդրադարձել գերիների թեմային: Սակայն, ըստ նրա, կրակի դադարեցումից հետո դեռ շատ անելիք կա: