Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 54 դեսպանություններում և մշտական ներկայացուցչություններում նոր նշանակումներ է արել։ Թուրքիան նոր դեսպան է նշանակել նաև Փարիզում, որն ըստ դիտորդների՝ նպատակ ունի թուլացնել վերջին շրջանում թուրք-ֆրանսիական հարաբերություններում առկա լարվածությունը՝ գրում է Ermenihaber-ը:
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան է նշանակվել Ալի Օնաները, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համակուրսեցին է եղել։ 47-ամյա թուրք դիվանագետը 2002-2004 թթ․ Մակրոնի հետ սովորել է Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցում։ Ֆրանսիական Le Point թերթը թուրք դեսպանի նշանակման լուրը հետևյալ վերնագրով է լուսաբանել․
«Էմանուել Մակրոնի թուրք ընկերը Փարիզում դեսպան է նշանակվել»։
Թուրքական մամուլը գրում է, որ այդ նշանակմամբ հնարավոր է նոր էջ բացվի թուրք-ֆրանսիական հարաբերություններում։