«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ
ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը։
Թե այս նոր Օրենսգիրքը որքան սպասված ու կարևոր է, առանձնապես չեմ անդրադառնա, միայն նշեմ, որ այս օրվան սպասել ենք երկար ժամանակ։
Մի քանի կետով ներկայացնեմ բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Քրեական օրենսգրքի նախագծով․
-
Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց։
-
Կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:
-
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում:
-
Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:
-
Սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը:
-
Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն։
Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Նախագիծը մշակած աշխատանքային խմբին»,- ասված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի Ֆեյսբուքի գրառման մեջ: