Բոլոր երկրներում է այդպես՝ ընդդիմությունը, որպես կանոն, դեմ է քվեարկում բյուջեի նախագծերին: Այդ մասին խորհրդարանում հաջորդ տարվա ֆինանսական փաստաթղթի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ 2019-ի բյուջեի նախագիծը նույնպես քննադատության էր արժանացել, սակայն տարեվերջյան արդյունքները և կատարողականը ցույց տվեցին, որ նախորդ տարին տնտեսական առումով «ոսկե տարի էր»:
Մանուկյանի խոսքով՝ 2021-ի բյուջեի նախագծով երեք բնույթի ծախսեր են նախատեսված՝ պետությունը պետք է կրթի, բուժի և ապահովի պաշտպանություն: Ամենամեծը, ըստ պատգամավորի, սոցիալական բնույթի ծախսերն են, որոնց մեջ գերակշիռ մասը կենսաթոշակներն են:
«Այս տարի նախատեսված է 8 տոկոս տնտեսական անկում՝ հաշվի առնելով 2020-ին մեծ պատուհասած արհավիրքները, որին կհաջորդի 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն պետք է ձգտել ավելիին՝ բոլոր ոլորտներում»,- ընդգծեց նա:
Արտակ Մանուկյանը համամիտ է, որ պատերազմից հետո ծախսերը պետք է վերանայվեն, բայց դա, ըստ նրա, գործընթաց է, պետք է ծրագիր լինի, ֆինանսավորվի և ապա իրականացվի:
«Այո՛, կարծում եմ, որ այս բյուջեն էական փոփոխությունների կենթարկվի, և դրանում մասնակից կլինենք մենք բոլորս»,- ամփոփեց պատգամավորը: