Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մասնավոր կերպով պահպանվող տարածքներում շարունակվում են դրական արդյունքներ գրանցվել։ «ԱրԱվես» ՀԿ ուշադրության և մշտական ուսումնասիրության կենտրոնում գտնվող Հայաստանի հարուստ թռչնաշխարհի ներկայացուցիչ մորուքավոր անգղի առանձնյակները շարունակում են ապահով ապրել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում։
CWR անտառապահ Խորեն Ղազարյանի հմտության շնորհիվ հաջողվել է գառնանգղի յուրահատուկ կադրեր ֆիքսել։ Նրա կողմից տեղադրված թակարդ տեսախցիկը նկարահանել է կարմիրգրքյան թռչնատեսակը բավական մոտ տարածությունից, ինչի շնորհիվ տեսանելի է թռչնի ամբողջ գեղեցկությունը։ Ի դեպ, միգուցե կան շատ ավելի գեղատեսիլ և գունագեղ թռչնատեսակներ, սակայն անգղերի գեղեցկությունը գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ նրանց դերն ու նշանակությունը վայրի բնության մեջ։
Հայաստանի յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի հարուստ թռչնաշխարհի ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։ Նկարահանված թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: Ընդգծենք, որ գառնանգղի պոպուլյացիան նվազում է նաև ամբողջ աշխարհում։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և 2014թ․-ից հետո տրվել է «Near threatened» կարգավիճակ: ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը: Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խոր ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծովի մակերևույթից 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև գառնանգղը։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: