Գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել էր, որ 2020 թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակված՝ ավտոմեքենայի սրահում գտնվող անձի կողմից՝ սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձով քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների և արցախցիների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ տվյալ անձը ձերբակալվել էր, սակայն ավելի ուշ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա ազատ էր արձակվել:
«Դեկտեմբերի 8-ին վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչի կողմից տվյալ անձը՝ 1985 թ. ծնված Ռ.Ա-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան առաջադրվել է մեղադրանք:
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է Աբրահամյանը: