Նախարար Այվազյանն իր օտարերկրյա առաջին աշխատանքային այցը կատարեց Մոսկվա։ Ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման վերաբերյալ։ Ընդլայնված կազմով հանդիպմանը կարևորվեց գերիների և աճյունների շուտափույթ փոխանակման իրականացումը։ Այվազյանը տեղեկացրեց Լավրովին ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի մասին՝ նշելով ակնառու փաստերը:
Արա Այվազյան (ՀՀ ԱԳ նախարար) - Բնական է, որ անհետ կորածների որոնման, ռազմագերիների և աճյունների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է հրատապ լուծում: Այն հատկապես արդիական է` հաշվի առնելով ռամագերիների և ոչ միայն նրանց նկատմամբ բառի բուն իմաստով բարբարոսական վերաբերմունքի բազմաթիվ և հաստատված փաստերի մասին ստացվող տեղեկատվությունը: Արդիական խնդիրների թվում է հայկական կրոնական և մշակութային վայրերի պահպանման հարցը:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Կարևորագույններից է գերիների փոխանակման հարցը: Մեր խաղաղապահների միջոցով փորձելու ենք միջնորդել այս հարցի հնարավորինս արագ ավարտին հասցնելուն: Գիտենք, թե դա ինչ սուր հարց է գերի ընկածների հարազատների, մտերիմների, ընկերների համար, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման հարցը, որը նույնպես պետք է շուտ լուծել։
Լավրովը նախադրյալներ է տեսնում Հարավային Կովկասի տարածաշրջանը հակասությունների գոտուց կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար։
Սերգեյ Լավրով - Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ուզում եմ նշել այն համատեղ հայտարարության կարևորությունը, որը ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև նոյեմբերի 9-ին և դադարեցրեց պատերազմը, ապահովեց պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս փախստականներին վերադառնալ իրենց օջախները, ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Մենք կարող ենք Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածել կայունության և բարգավաճման տարածաշրջանի այնտեղ ապրող բոլոր ազգերի համար: Մենք ամեն կերպ կաջակցենք այս ուղղությամբ ընթանալուն։
Այվազյանը երկկողմ հանդիպումից հետո արդեն լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեր դրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման վրա, ասաց, որ այդ առումով դեռևս հստակ ազդակներ չկան։ Ավելին՝ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները, դրա մասին հստակ տեղեկություններ կան՝ ասաց նախարարը։
Արա Այվազյան - Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող, այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և, ընդհանրապես, Հարավային Կովկասից:
Քննարկվել են ԼՂ-ում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը՝ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան ասաց Լավրովը։ Մարդասիրական կենտրոնի ներկայացուցիչներն ու խաղաղապահներն ակտիվորեն գործակցում են տեղի բնակչության հետ։ Արցախ վերադարձող քաղաքացիներին առաջին իսկ օրվանից օգնություն է ցուցաբերվել։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը կայուն բնույթ է ստանում, և մարդիկ ավելի ու ավելի շատ վստահություն են ձեռք բերում։ Բացի այդ, նշեց Ռուսաստանի ԱԳ նախարարը, հստակեցվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու իրավական ասպեկտները:
Սերգեյ Լավրով - Մենք խոսել ենք հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերի մասին: Դա նախագահ Պուտինի նախաձեռնություն է: Մենք առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային` Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Դրա իրականացման գործին կմասնակցեն բազմաթիվ ռուսական նախարարություններ և գերատեսչություններ:
Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության հիմքում ընկած են կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք մշակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համաձայնեցված են կողմերի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետագա աշխատանքի հիմնական խնդիրների ու ուղղությունների մասին «Լուրեր»-ի հարցին ի պատասխան նշեց Սերգեյ Լավորվը։
Սերգեյ Լավրով - Նկատի ունեմ՝ Ադրբեջանին 5 և 2 շրջանների հանձնումը, տարածաշրջանում անվտանգության ապահովման համար խաղաղապահների տեղակայումը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի ստեղծումը, տրանսպորտային և տնտեսական կապերի ու հաղորդակցության ապաշրջափակումը։ Այս ամենն ամրագրված է հայտարարության մեջ և սկսում է իրականացվել առավելագույնս արդյունավետ:
Նա նաև կարևորեց միջազգային կազմակերպությունների ներգրավումը։ ՄԱԿ-ի կառույցները թեև ներկա են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, սակայն Ղարաբաղում դրանք չեն եղել: Լավրովի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստում է գնահատման առաքելություն, որում կընդգրկվեն ՄԱԿ-ի պրոֆիլային, մասնագիտացված հաստատությունների և ծրագրերի ներկայացուցիչները, որոնք Ղարաբաղ կժամանեն դեկտեմբերի կեսերին:
Սերգեյ Լավրով - Մոսկվան ցանկանում է, որ այդ կառույցներն ուշադրությունը կենտրոնացնեն առարկայական օգնություն ցուցաբերելու վրա այն ուղղություններով, որտեղ այն հատկապես կարևոր է և արդիական։ Մասնավորապես, դա վերաբերում է ենթակառուցվածքների վերականգնմանը, բնակարանային ֆոնդին, հումանիտար հարցերի լուծմանը։ Հատուկ ուշադրության պետք է արժանանա Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման թեման։
Հայաստանում ակնկալում են, որ ադրբեջանական կողմը գերիների փոխանակման գործընթացը ձախողելու փորձեր չի ձեռնարկի։
Արա Այվազյան - Միևնույն ժամանակ՝ ադրբեջանական կողմից չեն դադարում ռազմագերիների և որպես պատանդ պահվող խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը։ Մեր ռազմագերիներն ու խաղաղ բնակիչները, ովքեր չեն հասցրել լքել իրենց տները, ենթարկվում են դաժան կտտանքների և գլխատվում ողջ-ողջ։
Նախարար Այվազյանը հայտարարեց նաև Արցախում հայկական հուշարձանների և կրոնական օբյեկտների պղծման փորձերի մասին։ ԱԳՆ ղեկավարը նաև նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը։ Հայաստանն իր հերթին հանդես է եկել և շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության ճանաչման դիրքերից։ Այվազյանը հրավիրեց պաշտոնակցին հերթական անգամ այցելել Երևան: Հրավերն ընդունված է, ժամանակացույցի մասին կպայմանավորվեն հետագայում։