Ռուս խաղաղապահները հուսով են, որ իրենց մասնակցությամբ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կավարտվի Արցախի երկու հիվանդանոցի վերականգնումը: РИА Новости-ին ասել է ՌԴ խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը:
«Մարտունու շրջանի հիվանդանոցը կվերականգնվի երկու շաբաթվա ընթացքում, այնտեղ բեկորներից հիմնականում ապակիներն են վնասվել: Մարտակերտի հիվանդանոցում վերանորոգման աշխատանքները նոր են սկսվել: Այնտեղ մի քիչ ավելի շատ են կոտրված ապակիները, հիվանդանոցի շենքը չի վնասվել: Օժանդակ կառույցները չեն վնասվել, խնդիրը միայն ապակիներն են: Այնտեղ վնասված տարածքը մի փոքր ավելի մեծ է: Մեզ անհրաժեշտ կլինի երեք շաբաթ»,- ասել է Դեմիդովիչը:
Խաղաղապահի խոսքով՝ Արցախում հիվանդանոցների վերականգնման համար անհրաժեշտ նյութերի և այլ միջոցների մատակարարման հետ կապված խնդիրներ չկան: Մասնագետները և տեխնիկան բավարար են:
Զրուցակիցը նաև ասել է, որ ՌԴ խաղաղապահ ուժերն ակտիվորեն համագործակցում են ԿԽՄԿ-ի հետ և շուտով նախատեսում են սկսել շտապօգնության հիվանդանոցի սենյակները վերազինելու համատեղ նախագիծ: