Խորհրդարանի այս քառօրյայում ներկայացվել է հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ ԱԺ ուղերձի նախագիծ, որը կքննարկվի փակ նիստում:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանում ներկայացնելով այն, տեղեկացրեց՝ ԱԺ պատգամավորների 1/5-ը առաջարկում է այս թեմայով քննարկումներն անցկացնել փակ նիստում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ թեման զգայուն է և առնչվում է մեր ռազմագերիներին և նրանց ընտանիքներին, ըստ այդմ՝ քանի որ համապատասխան գերատեսչությունները զբաղվում են, որ նրանք օր առաջ վերադառնան, նրանց անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝ խմբակցության պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումը փակ տեղի ունենա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առարկեց, ասաց՝ քննարկումը նախաձեռնել են իրենք, նաև նախատեսել են ուղերձի ընդունում, որը որևէ քաղաքական նկատառում, շահարկում չունի: Եվ դեռ երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել քննարկումը ԱԺ խորհրդի նիստում:
«Պարզվել է, որ իրենք չեն կարող տապալել, պարտադիր պետք է քննարկվի: Ինչո՞ւ են փորձել տապալել՝ որովհետև չեն ուզել, որ մենք ելույթներ ունենանք այս թեմայով: Երբ հասկացել են, որ հարցն անհնար է տապալել, որոշել են փակ անել քննարկումը: Մենք գտնում ենք, որ փակ անելը ընդհանրապես անիմաստ է: Ելույթները, որոնք պատգամավորները կարող են ունենալ, կարող են ունենալ այսօր հայտարարությունների ժամին: Հետևաբար կոչ եմ անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելու նախաձեռնությունից»,- նշեց Մարուքյանը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝ կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, նաև սպառնալ մեր ռազմագերիների անվտանգությանը, կարող է բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել գործընթացի վրա:
Լիլիթ Մակունցն էլ ի պատասխան Մարուքյանի հայտարարությունների նշեց՝ եթե ցանկանային տապալել քննարկումը, ապա բավարար կլիներ ԱԺ-ում քվորում չապահովելը:
«Մենք նման ցանկություն չունենք, եթե նման ցանկություն ունենայինք, ապա երեկոյան մեր խմբակցության պատգամավորների հետ ձեր խմբակցության պատգամավորները, ինչպես նաև արդարադատության նախարարությունից ներկայացուցիչը, ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչը չէին աշխատի տեքստի վրա համատեղ: Ես հասկանում եմ, որ քաղաքական նպատակներով կարելի է ցանկացած տեքստ այստեղ հնչեցնել, հատկապես երբ ժամանակը շատ հարմար է, բայց կարելի է քննարկել թեմաները՝ հասկանալով և չվնասելով բնակչության այն հատվածին, ովքեր այսօր գերության մեջ են»,- նշեց Մակունցը՝ խնդրելով 20 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո պատգամավորները 68 կողմ ձայնով որոշում ընդունեցին՝ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ հարցը քննարկել ԱԺ փակ նիստում: