Խորհրդարանում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ հետագա անելիքներին, որոնք կօգնեն դուրս գալու ճգնաժամից:
«Առաջին հերթին անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեզ հետ և լիարժեք պատասխանատվությամբ ընդունել պարտությունը: Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես: Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդություներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռնել:
Հաջորդ քայլը պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը: Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի: Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները: Իհարկե չպետք է մոռանալ կատարվածը, ուստի դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ քայլերի կատարումը կբերի նրան, որ պետության անվտանգության և պաշտպանության ոլորտում առաջացած խնդիրների արդյունավետ լուծումները կդառնան տնտեսության զարգացման և տնտեսական բարեփոխումների հիմքը: