Լինի Արցախում թե Հայաստանում՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից տուժած արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու են. Հայաստանում՝ «Հայփոստի», Արցախում՝ «Արցախփոստի» գրասենյակներում: 68 հազար դրամ միանվագ և 15 հազար դրամ կեցավայրի ծախսերի հատուցում կստանա Արցախի հաշվառում ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:
Անահիտ Գալստյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ) - Անկախ այն բանից՝ նա կլինի չափահաս թե անչափահաս, այսինքն՝ տրամադրվում է նաև երեխաներին: Պարտադիր պայմանը նոյեմբերի 16-ի դրությամբ Արցախի Հանրապետության որևէ բնակավայրի հասցեով բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալն է:
Աջակցությունից արդեն օգտվել է 73 հազար մարդ: Ընդհանուր առմամբ հատկացվել է 5.2 միլիարդ դրամ: Աջակցություն ստանալու համար ընդամենն անհրաժեշտ է նախարարության կայքէջում լրացնել առցանց դիմում: Երեխաների դեպքում պարտադիր է նաև ծննդյան վկայականը:
Անահիտ Գալստյան - Դիմումի ներկայացման ձևը շատ պարզ է, միայն անուն-ազգանուն և անձը հաստատող փաստաթղթի տվյալները: Երեխաների դեպքում դա կարող է լինել և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը:
Այն երեխաները, որոնք մինչև նոյեմբերի 16-ը հաշվառված չեն եղել բնակչության պետական ռեգիստրում, կարող են հաշվառվել և օգտվել աջակցությունից՝ ասում է Անահիտ Գալստյանը:
Մերժումներ նույնպես լինում են՝ ասում է կենսաթոշակային ապահովության վարչության պետը, սակայն այն դեպքերում, երբ անձի կենսաթոշակը գերազանցում է 68 հազարը, աշխատել է Հայաստանում, կամ Արցախում պետական բյուջեից այլ եկամուտ է ստացել, կամ 18-58 տարեկան արական սեռի ներկայացուցիչ է: 68 հազարից պակաս կենսաթոշակ ստացողները որպես աջակցություն կստանան կենսաթոշակի և աջակցության տարբերությունն ու կեցավայրի 15 հազարը:
Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է: