Էլեկտրոնային հարթակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններն ավելանում են: ՊԵԿ էլեկտրոնային կառավարման խորհրդի նիստում նախագահի և տեղակալների մասնակցությամբ քննարկվել են ապագայի էլեկտրոնային ծառայությունները: Մասնավորապես, նախատեսվում է պարզեցնել հարկերը հաշվառելու և մարելու մեխանիզմները` 2018 թ.-ից գործող անձնական հաշվի քարտի համակարգում: Պարտավորությունները կհաշվառվեն ներկայացման օրով, սակայն հարկ վճարողի ցանկությամբ չեն մարվի մինչև վերջնաժամկետը:
«Հարկ վճարողը հնարավորություն կունենա ինքնուրույն որոշելու՝ որ պարտավորությունն է ուզում մարել մինչև վճարման վերջնաժամկետը»,- տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը։
Հաջորդ գլոբալ փոփոխությունը վերաբերում է ճշտված հաշվարկների ներկայացմանը: Նախատեսվում է պարտավորությունը հաշվառել ավելի պարզ ձևով՝ նախկինում հայտարարագրված և ճշտված հաշվարկի տարբերության չափով։ Այդ դեպքում վերահաշվարկներ չեն կատարվելու։
Պարզ սխեմա է գործելու նաև դեբետային գումարների պարագայում։ Եթե հարկ վճարողը կներկայացնի դեբետային հաշվարկ, առանց ուսումնասիրության դիմում ներկայացնելու` համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով դեբետային գումարներն ավտոմատ կփոխանցվեն միասնական հաշվին։
Կարևոր խնդիր կլուծվի միասնական հաշվից ստուգման ակտի պարտավորությունների առանձնացմամբ։ Գանձապետական առանձին հաշվի գործելու դեպքում ոչ թե ավտոմատ համակարգը, այլ հարկ վճարողը կկարողանա որոշել՝ երբ մարել ստուգման ակտի պարտավորությունները:
Գաղափարները մշակելիս կոմիտեն հաշվի է առել բիզնես դաշտի առաջարկները։ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը նշում է, որ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում հարկ վճարողները մի քանի անգամ բարձրաձայնել են էլեկտրոնային համակարգերի հետ կապված խնդիրները. «Շատ լավ է, որ խորհրդում քննարկված խնդիրները լուծումներ են ստանում, և ներկայացված առաջարկները կյանքի են կոչվում»:
Համատարած հայտարարագրման համակարգի գաղափարին համահունչ նախատեսվում է առանձին՝ պարզ հարթակ ստեղծել ֆիզիկական անձանց համար: Նոր էջի միջոցով ֆիզիկական անձը հնարավորություն կունենա մեկ հարթակի միջոցով իրականացնել մաքսային և հարկային մարմիններին առնչվող գործառնությունները, նաև գույքահարկի մասով վճարումներ կատարել և տեսնել իր պարտավորությունները։ Կստեղծվի նաև համակարգի բջջային հավելվածը։
Էլեկտրոնային այս լուծումները նախատեսված են ՊԵԿ-ի ռազմավարական ծրագրով։ Կյանքի կոչվելու համար ծրագրային փոփոխություններին զուգահեռ նաև օրենսդրական կարգավորումներ կպահանջվեն։ Ապագայի էլեկտրոնային ծառայությունները հաջորդիվ ներկայացվելու են ՀՀ Կառավարության թվայնացման խորհրդում։