ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գերիների հարցով ԱԺ ուղերձի նախագիծը փակ նիստում քննարկելու՝ իշխանությունների նախաձեռնությանը: Նա կարծիք հայտնեց, թե իշխանությունը մտահոգված է, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները ռազմագերիների վերադարձի հարցով ելույթներ կունենան և կասեն, որ չեն կարողանում այդ խնդիրը լուծել:
«Ես էլ ասում եմ, որ այդ նույն ելույթները հայտարարությունների ժամին կարող են մարդիկ ունենալ, իմաստը ո՞րն է ամբողջ պրոցեդուրան, նախատեսված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, խախտել: 1/5 ստորագրություն եմ հավաքել, որ այս նիստը կայանա, մարդիկ տապալում են, իմաստազրկվեց ամբողջը: Իմաստը նա է, որ որևէ ելույթ չունենանք:
Միջազգային կառույցներին ենք ուղարկում մեր ռազմագերիների տեսանյութերը, մարդիկ սարսափում են դա նայելուց, ո՞նց կարելի է դրա վերաբերյալ քննարկումն անել փակ ռեժիմով, քաղաքական նկատառումներից ելնելով»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա, նիստի ամբողջ իմաստը քննարկումն է, որ ներկայացուցիչն ասի՝ ինչ քայլեր են անում, իսկ որը պետական գաղտնիք է, թող չասեն: