2020 թ. դեկտեմբերի 8-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Միրզա Դինայի» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Նիկոլա Ստանիշը, 2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 12000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:
Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:
Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և տնօրեն, եզդի ակտիվիստ Միրզա Դինային, ով աշխատում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զոհերի հետ: Նա հազարավոր կանանց և երեխաների է փրկել Իրաքի պատերազմի ժամանակ: Ռիսկի ենթարկելով սեփական կյանքը՝ նա անձամբ է մարդկանց փրկել և տեղափոխել ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքներից, որից հետո նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը նրանց անհրաժեշտ աջակցություն և բուժօգնություն էր տրամադրում: