Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի մի շարք կրթամշակութային և հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին:
Հարցերը, մասնավորապես, վերաբերել են պատերազմից հետո Հայաստանի զարգացման տեսլականին և երկիրը հզորացնելու համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև կրթության դերին ու ոլորտի բարեփոխումներին, ազգային ու պատմամշակության ժառանգության պահպանմանը:
«Մարդկային մեծ ողբերգությունը մոռանալ չի կարելի,- խոսելով 1988 թ. ավերիչ երկրաշարժի մասին՝ ասել է նախագահ Սարգսյանը: - Ստիպված ենք առաջ նայել, որովհետև մեր երկիրը պետք է կառուցենք, Գյումրին, Սպիտակը, Վանաձորը պետք է կառուցենք: Ուրիշ ճանապարհ չունենք, բացի ոտքի կանգնելն ու առաջ գնալը»:
Անդրադառնալով երկրում ստեղծված վիճակին՝ նախագահն ասել է, որ մենք ապրում ենք ճգնաժամային ժամանակաշրջանում, ընդ որում, խոսքը մի քանի ճգնաժամերի մասին է, որոնցից առաջինը պատերազմում կրած պարտությունն է։ Նախագահը մատնանշել է նաև ժողովրդագրական ճգնաժամը, մասնավորապես ընդգծելով, որ Արցախն անցած 26 տարում պետք է գոնե 3-4 անգամ ավելի շատ բնակիչ ունենար: «Պարտվել ենք նաև տեղեկատվական պատերազմում, որովհետև եթե հետևելու լինեք միջազգային հանրային կարծիքին, ապա կնկատեք, որ, ցավոք սրտի, մեր հակառակորդները, թշնամիները շատ ավելի լավ են աշխատել,- ասել է նախագահը: - Սա մեր չաշխատելու արդյունքն է: Տեղեկատվական պատերազմը շարունակվում է նաև այսօր: Մենք տեղեկատվական, հանրային կարծիքի պատերազմը պարտվել ենք նույնիսկ մեզ համար շատ կարևոր և բարեկամ երկրներում, նախ և առաջ՝ Ռուսաստանում, ինչպես նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում: Փոխանակ բոլորս միասին մասնակցենք այդ տեղեկատվական պատերազմին և փորձենք մեր վնասները հետ բերել, Հայաստանում և ազգային մասշտաբով զբաղված ենք իրար փնովելով, իրար վրա կեղտ լցնելով, իրար հայհոյելով: Այս հսկայական դժվարություններից և այս մեծ դժբախտությունից, հազարավոր կյանքեր կորցնելուց հետո շարունակում ենք զբաղվել դրանով»:
Նախագահը խոսել է նաև տնտեսական ճգնաժամի մասին, որը պատերազմից բացի և դրանից առաջ ստեղծվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով, անդրադառնալով նաև առողջապահական ճգնաժամին։ «Ունենք մարդկային մեծ ճգնաժամ: Հազարավոր մեր հայրենակիցներ Արցախից եկել են Հայաստան: Մարդիկ տուն չունեն, ապրելու տեղ չունեն, եկամուտ չունեն, և արդեն ձմեռ է ու ցուրտ,- ասել է նախագահ Սարգսյանը:- Ունենք բարոյահոգեբանական ճգնաժամ։ Եթե ամեն օր չաշխատես, ձևացնես, թե աշխատում ես, ուրեմն վերադարձը նորմալ կյանքի կտևի այնքան, որքան Գյումրին վերականգնելն է: 32 տարի հետո դեռ քանդված տներ կան, մարդիկ կան, որ ապրում են տնակներում։ Այս ծանր պայմաններում բոլորս միասին պետք է ձեռք ձեռքի տանք և ոչ թե իրար հայհոյենք: Պետք է գիտակցենք, որ չկա այդպիսի մարդ, մեկ անձ կամ կուսակցություն, որ կկարողանա մեզ այս վիճակից հանել: Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք: Եթե մենք նստելու ենք և սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ պետք է փրկի, այդ դեպքում իսկապես Աստված մեզ պահապան:
Մենք բոլորս պետք է միասին լինենք, փորձենք հասկանալ, որ իրար հանդեպ զգույշ, սիրով կամ հանդուրժող լինելը սովորական էթիկետ չէ։ Դա բացարձակ անհրաժեշտություն է մեր երկրի պայմաններում, որովհետև բոլորս էլ մեծ դժվարության մեջ ենք: Պետք է ոչ թե անհատի մասին խոսենք, այլ պետք է ամեն ինչ անենք և հետևենք ծրագրին, ծրագիր, որին յուրաքանչյուրդ կամ մեծամասնությունը համամիտ կլինեն: Մեր երկրում այդ մշակույթը չկա, որ քաղաքական ղեկավարությունը ծրագիր ներկայացնի, ոչ թե ցանկությունների ցանկ: Հիմա եկել կանգնել ենք նույն խաչմերուկին: Եթե իշխանափոխություն պետք է լինի, դա պետք է լինի ծրագրավորված, եթե չէ, կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի: Այսինքն, պետք է հետևենք գաղափարին, մտքին, հստակ ծրագրին, թե ուր ենք գնում:
Այդ ծրագիրն օդից չի ծնվում, պետական այրերի պարտականությունն է այդ ծրագիրը ներկայացնելը: Ես նախապատրաստել եմ որոշակի ճանապարհային քարտեզ, որը փորձելու եմ քննարկումների դնել և հետո ներկայացնել հանրությանը: Դա, ըստ Սահմանադրության, իմ գործը չէ, բայց երբ չկան այդպիսի ծրագրեր, չես կարող ձեռքերդ ծալած նստել»:
Նախագահի խոսքով՝ եթե մարդիկ ուժեղ ինքնապաշտպանական համակարգ ունեն, հաղթահարում են դժվարությունները և դրանցից դուրս գալիս ավելի ամուր և պաշտպանված: «Դժբախտությունը նաև ամրանալու և ուժեղանալու ճանապարհներից մեկն է,- նշել է նախագահը:- Սա ասում եմ, որ դուք էլ հավատաք, որ այս դժբախտության ու դժվարության միջով անցնելիս մենք ունենք հնարավորություն՝ դուրս գալ ավելի ուժեղ։
Բազմաթիվ քայլեր կան, որ պետք է արվեն: Դրանցից մեկը՝ պետք է դադարել սուտ խոսել, դադարենք ոչ իրականն իրականի տեղ ընդունել: Հաճախ դրանք ուղղակի պարզ ստեր են, որոնք կան հանրության մեջ, որոնք տարածվում են, որոնք ֆեյք են։ Ուղղակի անբարոյականություն է՝ սուտ խոսելով մարդկանց հավատացնել, որ կան ինչ-որ իբր իրական բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Սա մեր հասարակության ամենացավալի կետերից մեկն է: Իհարկե, նոր տեխնոլոգիաները շատ էական են, այսօր չես կարող առանց ինտերնետի և հաղորդակցության ապրել: Բայց կա դրա հակառակ կողմը, երբ նույն տեխնոլոգիաներն օգտագործվում են ի չարս՝ սերմանելու ատելություն, իրար նկատմամբ արհամարհանք, հայհոյանք... Եթե վիրտուալ կյանքում քեզ թույլ ես տալիս հայհոյել, լինել ագրեսիվ, նույնը մի օր արտապատկերվելու է սովորական կյանքի վրա:
Կա ստի մեկ ուրիշ դեմք, որը մեր ցանկությունների, երազների մասին է: Պետք է աշխատենք մեր երազներն ու իրականությունը չխառնել իրար, մեր ցանկությունները չընդունենք իբրև իրականություն:
Ի՞նչ եղավ 1994 թվականից մինչև 2020 թվականը: Տեղի ունեցավ հետևյալը՝ հաղթության գինին մեզ արբեցրեց, և մենք սկսեցինք հավատալ, որ եթե 1994-ին տարածաշրջանի ամենահզոր բանակն ունեինք, ապա դա ընդմիշտ է: Մենք ամեն ինչ պետք է անեինք, որ մեր բանակը 1-1.5 տարի առաջ ընկներ մեր հակառակորդից, չարեցինք: Եկանք 2020 թվական, բանակից իջանք կամավորների, 21-րդ դարում հրացանով կամավորն ի՞նչ կարող է անել դրոնի դիմաց: Մինչդեռ մենք ոչ միայն դրոն պետք է ունենայինք, այլև արհեստական բանականությամբ դրոն, որը ոչ թե օպերատորի օգնությամբ աշխատեր, այլ՝ ինքնուրույն կողմնորոշվեր:
Եթե մենք սրա մասին հիմա փորձենք չխոսել, փորձենք ծածկել, ասել, որ աշխարհի ամենալավ գիտությունն ունենք, սկսենք ինքներս մեզ խաբել, ավելի վատ օրի ենք հասնելու: Պետք է վերագնահատենք մեր հիմնական խնդիրները և արժեքները: Պետք է նայենք բանակին, տեսնենք՝ ինչ ունենք, ինչքան էլ վատ լինի, ճիշտն ասենք և այդ վատ տեղից նորից բարձրանանք: 1991 թվականին մենք բանակ չունեինք, բայց այն ստեղծեցինք ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքի միջոցով: Նույնն էլ հիմա է»:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ առանց գիտության վաղը պաշտպանություն չի լինելու: «Ապագա պատերազմները գիտնականների պատերազմներ են լինելու,- ասել է նախագահ Սարգսյանը: - Կրթությունը դառնում է այսօրվա առաջնահերթ խնդիրներից մեկը: Միշտ է եղել, բայց այսօր առավել ևս, որովհետև վաղվա պատերազմը հրացանով, թնդանոթով պատերազմ չէ»:
Կարելի՞ է ակնկալել, որ ամեն բան պետք է սկսել դպրոցից․ պատասխանելով մասնակիցներից մեկի այս հարցին ՝ նախագահն ասել է․ «Եթե ուզում ես ուժեղ պետություն ստեղծել, պետք է ունենաս ուժեղ կրթական համակարգ: Կրթական համակարգը պետք է սկսվի փոքր տարիքից՝ նախակրթարանից: Եթե 30 տարի կրթական համակարգում բարեփոխում ենք արել, ուրեմն այսօր պետք է ունենայինք աշխարհի ամենալավ կրթական համակարգերից մեկը: Եվս 30 տարի բարեփոխում ենք անելու, որ էլի՞ տեղ չհասնենք: Եկեք բարեփոխում չանենք, անենք ուղղակի փոփոխություն: Գուցե շատ հաճախ այդ բարեփոխում ասածն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»:
Այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական համակարգի պայմաններում հանրապետության նախագահի լիազորություններին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ինքը գործադիր նախագահ չէ, չունի այն լիազորությունները, ինչ ունեին հանրապետության նախորդ նախագահները, չի կարող, ասենք, կրթության նախարարին հրահանգներ տալ, բացի խորհուրդներից. «Գործող խորհրդարանական համակարգում չկան հավասարակշռության ու զսպումների մեխանիզմներ: Այսօր Հանրապետության նախագահը համարյա լծակ չունի, որ եթե կառավարությունը կամ ԱԺ-ն սխալ որոշումներ են ընդունում, դրանք կանգնեցնի»։
Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ամենամեծ հարստությունը մենք ենք, հայ մարդը, բայց արդյո՞ք թույլ տալիս ենք հայ մարդուն ինքն իրեն իրացնել։ «Ոչ՛: Ինչու՞ չենք օգտագործում այդ հարստությունը՝ մարդուն: Մենք փոքր պետություն ենք, 3 մլն բնակչությամբ, 3-4 անգամ ավելի շատ հայ ապրում է արտասահմանում: Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մի քանի ազգական, ընկեր, բարեկամ ունի արտասահմանում: Սա չօգտագործված պոտենցիալ է: Նրանց մեջ ֆանտաստիկ մարդիկ կան,- ասել է նախագահը:- Հիմա խոսում ենք կորոնավիրուսի մասին: Աշխարհում կան մի քանի լուծումներ՝ գերմանական, ամերիկյան, չինական, ռուսական, բրիտանական, ֆրանսիական ընկերությունների ներկայացրած պատվաստանյութերը: Կան նաև ամենամեծ ամերիկյան երկու ընկերությունները՝ «Մոդեռնա» և «Պֆայզեր»: «Մոդեռնա» ընկերության խորհրդի նախագահը Նուբար Աֆեյանն է: Նա կարո՞ղ է դառնալ Հայաստանի կրթության և գիտության նախարար, եթե ցանկություն ունենա: Ո՛չ, մենք ունենք Սահմանադրություն, որն ասում է, որ Նուբար Աֆեյանը չի կարող այս երկրի նախարար լինել, որովհետև ԱՄՆ քաղաքացի է և պետք է չորս տարի ապրած լինի այս երկրում, հրաժարվի իր ամերիկյան անձնագրից... Մենք շատ բան ունենք փոխելու: Ժամանակը եկել է, որ արթնանանք: Մենք կարիք ունենք ճշմարտության աչքերի մեջ նայելու և ապրելու ճշմարիտ կյանքով»:
Շիրակցիների հետ հեռավար զրույցում նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Գյումրու հետ կապված ծրագիր ունի: «Դիմել էի կառավարությանը, որ «Մայր Հայաստանի» դիմացի տարածքը տրամադրեն, որպեսզի այգի կառուցենք՝ Մերկուլովի և Գուրջիևի կենտրոն, որը պետք է լիներ գիտահետազոտական, սոցիալական կենտրոն,- ասել է հանրապետության նախագահը:- Այդ կենտրոնը պետք է դառնար գիտահետազոտական կենտրոններից մեկը, նաև սոցիալական գիտությունների, կրոնի ու ընդհանրապես հասարակական դիվանագիտության կենտրոն: Երկու օր առաջ կառավարությունը տեղյակ պահեց, որ այդ հողը կոմերցիոն նպատակներով տալու են մեկ ուրիշի...
Միևնույն է, ես այդ ծրագիրը անելու եմ, եթե ոչ այդտեղ, ապա կողքի տարածքում: Կարծում եմ, որ ձեր մեջ կտեսնեմ համակիրների և համախոհների, որ միասին անենք: Գուրջիևի և Մերկուլովի ինստիտուտները Գյումրիում լինելու են: Այն կառուցելու ենք ձեզ հետ մասին: Գուրջիևը և Մերկուլովը գյումրեցու սիմվոլ են, սիմվոլ են այն հսկայական պոտենցիալի, որ ունենք: Դուք՝ գյումրեցիներդ, և՛ արվեստագետ եք, և՛ գիտնական եք, և՛ այնքան փիլիսոփա եք, որ դժբախտության մեջ էլ կարողանում եք հումոր գտնել: Գյումրին ամենամեծ «հանքն» է մեր ժողովրդի համար»։