«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր հրաժարականի հանրային պահանջ չկա, սակայն, պատգամավորի խոսքով, նրա հրաժարականը պահանջում են խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկու քաղաքական ուժերը:
Զոհրաբյանը շարունակեց. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են Հայաստանի արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել է ՀՀ նախագահը: Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Առաջին կաթողիկոսը պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և հորդորով դիմել են նրան՝ կոչ անելով հրաժարական տալ»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ հրաժարականի պահանջով են հանդես եկել նաև Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը:
Պատգամավորի խոսքով՝ այդ պահանջին են միացել բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ, հանրապետությունում անցկացվում են նաև բողոքի, անհնազանդության ակցիաներ: Զոհրաբյանի խոսքով՝ կան հայրենակիցներ, որոնց մի մասը հրապարակում չէ՝ պայմանավորված համավարակով, կան նաև հայրենակիցներ, որոնք ևս այնտեղ կլինեին, սակայն զավակ են կորցրել:
Պատգամավորը հարց ուղղեց հանրապետության վարչապետին՝ «Սա հանրային պահա՞նջ է, թե՞ ոչ»: