Ազգային ժողովը քննարկեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որն առաջարկում է ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների սոցիալական գովազդն ազատել հարկումից: Դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:
«ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար հարկման բազա է համարվում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդային վահանակի մակերեսը՝ արտահայտված քառակուսի մետրով: Բազմակողմ գովազդային վահանակի դեպքում հարկման բազա է համարվում գովազդային վահանակի բոլոր կողմերի մակերեսների հանրագումարը՝ անկախ գովազդային պաստառի առկայության փաստից»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նախագծերով առաջարկվում է նաև նշված ոլորտում վերահսկողության իրականացումը վերապահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Միաժամանակ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների, բնակավայրերի միջով անցնող տարանցիկ հատվածների մայթերին տեղադրված գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունները փաստացի տրամադրվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, և դրանց համար գանձվել է տեղական տուրք: Առաջարկվում է ոլորտին առնչվող «Գովազդի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տեղական տուրքերի վճարների մասին» օրենքներում և Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով այդ վահանակների տեղադրման թույլտվությունների տրամադրումը և տուրքի գանձումը կկատարվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում միաժամանակ առաջարկվում է սահմանել նորմ, որի համաձայն կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը: