ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցուցակը։
Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցուցակում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:
Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
-
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25000 դրամ,
-
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20000 դրամ,
-
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15000 դրամ,
-
եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10000 դրամ:
Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
-
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15000 դրամ,
-
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10000 դրամ,
-
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7500 դրամ:
ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
-
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10000 դրամ,
-
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7500 դրամ,
-
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5000 դրամ: