Ազգային ժողովը միաձայն ընդունեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը» հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող Ազգային ժողովի ուղերձը: Այն ընդունվեց 100 կողմ ձայնով:
Նշենք՝ հարցի քննարկումը տեղի է ունեցել փակ ռեժիմով:
Հիմնական զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ուղերձը.
«ՀՀ Ազգային ժողովը, հիմնվելով ՄԱԿ֊ի 1948 թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թ. եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965 թ. միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի նորմեր սահմանող այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
Հաշվի առնելով հայկական և ադրբեջանական կողմերի հանձնառությունը՝ վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաև զոհերի դիերը, արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստական ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը. ակնհայտորեն չի ընդունում իր իշխանության տակ հայտնված ռազմագերիների և ազատազրկված քաղաքացիական անձանց իրական թիվը, թաքցնում է նրանց իրական թիվը, շարունակում դաժան վերաբերմունքը, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները, ավելին՝ իր զինված ուժերի առանձին ներկայացուցիչների միջոցով տեսագրում այդ ամենը և տարածում սոցիալական ցանցերում և մեդիայում.
հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների նպատակամղված, կազմակերպված և համակարգված քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու գործում դեր ունեցած անձանց հերոսացմանը՝
ՀՀ Ազգային ժողովն ուղերձով դիմում է՝
Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ֊ի խոշտանգումների դեմ կոմիտեին և Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձանց,
Կոչ ենք անում՝
-
Հորդորել Ադրբեջանին անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց.
-
Պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող այլ քաղաքացիական անձանց նկատմամբ.
-
Պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում դպրոցներում, ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային հայտարարություններում, սոցիալական ցանցերում, մեդիայում, ինչպես նաև հայատյացության պետական քաղաքականության ցանկացած այլ դրսևորման մեջ.
-
Առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների ու ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը.
-
Գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խիստ պահպանմանը»:
Մարուքյանը նշեց, որ ուղերձը կթարգմանվի և կուղարկվի վերոնշյալ բոլոր մարմիններին: