ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Նախագծերով սահմանվում են ՔԿԱԳ մարմինների նոր համակարգ ՝ «ֆրոնտ» և «բեք օֆիս» ձևաչափով: Մասնավորապես, դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության համայնքային ենթակայության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների կամ օտարերկրյա պետությունների հյուպատոսարանների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող և որոշում կայացնող շփումները»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը կիրականացվի նաև օնլայն հարթակի միջոցով:
Սահմանվել է ՔԿԱԳ էլեկտրոնային արխիվի ձևավորման ընթացակարգ, որը կնվազեցնի թղթային արխիվի ձևավորմանն ուղղված վարչական ծախսերը: Դանիելյանը հայտնեց, որ կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում. սահմանել են դիմումը ներկայացնելուց հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր:
Կրճատվել է անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Կրճատվել է նաև ուղղում, լրացում կատարելու, ինչպես նաև ակտիվ վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս ժամկետը՝ 15 աշխատանքային օր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր, ընդ որում, առանձին տառերի, թվերի, ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է և, փոխնախարարի խոսքով, արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպակների շտկման համար: Կրճատվել է ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար ժամկետը՝ 7 օրից սահմանվել է տրամադրել տեղում: Հանվել են ամուսնության համար պետական տուրքերը:
«ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ազատվում են նաև կենսաթոշակառուները, առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, սակայն որոշ դեպքերում պետական տուրքը շատ չնչին բարձրանում է: Օրինակ՝ վկայականի կրկնօրինակի համար 3000-ից դառնում է 5000 կամ անվան փոխման համար 5000-ից՝ 30 հազար»,- ասաց Դանիելյանը: