«Արցախն իմ տունն է» ֆեյսբուքյան էջն այս օրերին Visit Armenia-ի թիմին կամավոր է դարձրել: Մշակում են պատերազմից տուժած ընտանիքների հայտերը: Հարևան սենյակում աշխատանքային տեսակապ է Լոս Անջելես՝ նախագծի հեղինակի հետ: Նպատակը՝ մարդկանց առնվազն կես տարի ֆինանսավորելու պատրաստ դոնոր-հրեշտակ գտնելն է արտասահմանում:
Վլադիմիր Գևորգյան («Արցախն իմ տունն է» նախագծի Հայաստանի գրասենյակի ղեկավար) - Մենք կրիտերիա ենք դրել, որ նվազագույնը պետք է լինի 50 դոլար, բայց միշտ ավելին է:
Օգնության համար 15 օրում 4000 խնդրանք են ստացել: Հայտը պետք է լրացնել «Արցախն իմ տունն է» էջում: Գրել կարող են արդեն տուն վերադարձած և դեռ այստեղ մնացող բազմազավակ արցախցիները, նաև՝ պատերազմի պատճառով ընտանիքի կերակրողին կորցրած Հայաստանի կարիքավորները: Պետք է միայն շտապել՝ ժամկետը սահմանափակ է:
Մայա Թոխալյան («Արցախն իմ տունն է» նախագծի հեղինակ) - Դեկտեմբերի 15-ով մենք կավարտենք հայտերի ընդունումը և էս փուլով ընդունում ենք բազմազավակ ընտանիքներն Արցախից՝ զոհված թե վիրավոր ու անհետ կորած ընտանիքները թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից:
Դիմումները, այսպես ասած, ֆիլտր են անցնում: Որպեսզի արտասահմանից դրամ շորթելու դեպքեր չլինեն, հայտը ստուգվում է, լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում: Վերջին փուլում դոնորն ինքը տեսազանգով զրուցում է շահառուի հետ, որ համոզվի՝ կարիքավոր են: Ըստ Մայա Թոխալյանի՝ գումար տվողների քիչ մասն է այլազգի:
Մայա Թոխալյան - Հիմնականում հայեր են, մեծամասամբ Ամերիկայի հայեր, բայց ունենք նաև Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից: Ունենք շատ հայեր, որ պատրաստակամ են 6 ամսվա կամ մեկ տարվա օգնություն տրամադրել...
Առաջին 200 շահառու ընտանիքի համար բարեգործ-կարիքավոր կապն արդեն հաստատվել է, ֆինանսական աջակցությունը՝ սկսվել:
Վլադիմիր Գևորգյան - Այդ գումարը չի փոխանցվում մեզ, մենք փոխանցենք շահառուին, ուղիղ կապ են հաստատում, որ հետագայում այլ խոսակցություններից ու խնդիրներից հեռու մնանք:
Օգնողի իր ֆունկցիան «Արցախն իմ տունն է» նախագիծն ավարտված է համարում կողմերի միջև պայմանագիր կնքելուց հետո:
Վլադիմիր Գևորգյան - Այս պայմանագրով հավաստվում է, որ գոնե 6 ամիս պատրաստակամ է բարերարը շահառուին ամեն ամիս դրամական օգնություն ցուցաբերել:
Այս փաստաթղթի շահառուն արցախցի Աբաղյանների 8 հոգանոց ընտանիքն է. մայրիկն այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում է՝ հինգերորդ երեխային է լույս աշխարհ բերել: Մհերին անվանակոչել են ընտանիքի հովանավորությունը ստանձնած Սոնայի երեխայի պատվին: Անժելիկան նրա հետ հեռախոսազրույցում էլ է ներկայացրել իրենց սոցիալական վիճակը:
Անժելիկա Աբաղյան («Արցախն իմ տունն է» նախագծի շահառու) - Վարձով ենք մնում Քասախում, Ստեփանակերտում էլ վարձով էինք մնում, 16 տարի արդեն, հիմա էդ տունը չկա, որ հետ վերադառնանք:
Դեռևս ոչ Արցախում, բայց «Արցախն իմ տունն է» համոզմամբ՝ Մհերն ու ընտանիքը նոր կյանք են սկսում, վստահ՝ հովանավորը կօգնի: