Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ ժողովուրդ հայոց,
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կեդրոնական Վարչության Կրոնական ու Քաղաքական ժողովներու ներկայության, հետևյալ հայրապետական պատգամը կուղղենք մեր ժողովուրդի զավակներուն.-
Հայ ժողովուրդը խոր տագնապի մէջ է. պարտված ըլլալու հոգեվիճակը զինք անորոշության ու հուսահատության մատնած է։ Արդարև, մեր զավակներու արյունով կերտված ու ծաղկած Արցախին մեծ մասը կորսնցուցինք՝ հակառակ մեր հերոս բանակին ցուցաբերած քաջ դիմադրության թուրք-ազերիական բանակին դեմ։ Կորսնցուցինք նաև մեր ազգային արժանապատվությունը ու հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ և գաղթականներ։ Երկրագունդի տարածքին չկա հայ մը, որ ազգին մեծ կորուստին տառապանքը չապրիր։ Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն կպահանջե։
Կգտնվինք անորոշության դիմաց։ Մեր ժողովուրդի զավակները Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեջ իրենց արդար բողոքն ու ընդվզումը կարտայայտեն՝ Հայաստանի ու Ազրպեյճանի միջև ստորագրված համաձայնության այնպիսի փաստաթուղթի մը նկատմամբ, որ Արցախի կողքին նաև կվտանգե Հայաստանի հողային ամբողջականությունը, անվտանգությունը ու անկախությունը։ Փաստորեն, Հայաստանը կնմանի ահավոր փոթորիկի մատնված անղեկ նավու։
Ճակատագրական այս պայմաններուն մէջ, մեր ժողովուրդին միասնականությունը ավելի քան հրամայական է։ Հեռու պետք է մնանք բևեռացումներ հառաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողության ոգին սերմանող մոտեցումներե ու արարքներե։ Մեր ժողովուրդին ներքին միասնականությունը ու հավաքական կամքը երաշխիք պետք է դառնան վաղվան հզոր Հայաստանին ու Արցախին։
Մեր ժողովուրդին հավաքական կամքը, մեր ժողովուրդին ու հայրենիքին ընդհանրական ու գերագույն շահերը պետք է մնան գերիվեր ամեն տեսակ նկատումներե և դառնան ճշդորոշիչ մեր մտածումներուն, որոշումներուն ու գործերուն։
Ա՛յս սկզբունքներեն ու հանձնառութենեն մղված, շուրջ երկու տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան ստանձնեց Հայաստանի իշխանության ղեկը։
Ներկա ճգնաժամային պայմաններուն մեջ, կոչ կուղղենք, որ նո՛ւյն սկզբունքներեն ու հանձնառութենեն մեկնած, վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշե հրաժարիլ վարչապետութենեն՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով՝ նոր վարչապետ ընտրելու։
Մեր սպասումն է, որ ընտրվելիք նոր վարչապետին գլխավորությամբ կազմվելիք համաձայնական անցումային կառավարությունը առաջնահերթ նկատե Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններու շուտափույթ կազմակերպումը։
Կաղոթենք առ բարձրյալն Աստված, որ Իր երկնային թագավորության մէջ ընդունի մեր նահատակները, վիրավորներուն շուտափույթ ապաքինում, գերիներուն վերադարձ ու սգավոր ընտանիքներուն մխիթարություն պարգևե, և մեր ազգն ու հայրենիքը հեռու պահե ամէն տեսակ չարե ու չարիքներե»: