Խորհրդարանում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Նախատեսվում է լրացնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու մասին պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, վարելու իրավունք չունեցող անձի դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն:
Առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կզսպեն զույգ հաշվառման համարանիշներ ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը: Նախատեսվում է նույն արարքը տույժի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում առավել խիստ պատասխանատվություն, այն է՝ վարելու իրավունքից զրկում մեկ տարով»,- տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Ըստ նրա՝ նախատեսվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ մեկ տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վարելու ընթացքում ծխելու համար:
Մինչև 2022 թ. հուլիսի 1-ը տուգանային միավորը՝ որպես վարչական տույժ, կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքով քննության ենթակա գործերով: Իսկ մինչև նշված ժամկետի ավարտը՝ օրենքով նախատեսվում են կարգավորումներ կատարվող իրավախախտումների դեմ ճանապարհապարեկային ծառայողների կողմից՝ առանց տուգանային միավորների կիրառման արդյունավետ պայքար իրականացնելու նպատակով: