Ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությանն ընդառաջ «Օլիմպավանում» վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը:
Հայտնի է նաև Բելգրադ մեկնող կազմը. 57 կգ քաշային կարգ՝ Արսեն Հարությունյան, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան, 65 կգ՝ Վազգեն Թևանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչ չի ունենա 92 և 97 կգ քաշային կարգերում:
2020 թվականն ամբողջությամբ փոխեց մարզաշխարհի օրակարգը: Տևական ժամանակ ազատ ոճայինները, ինչպես այլ մարզաձևերի ներկայացուցիչներ, զրկված էին միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից: Հայաստանի առաջնությունից հետո Բելգրադում կայանալիք մրցաշարն առաջին միջազգային փորձն է լինելու, որով մեր հավաքականը կսկսի նախապատրաստվել արդեն գալիք տարվան և, իհարկե, Օլիմպիական խաղերին:
Ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը վստահ է, որ չնայած կորոնավիրուսին և պատերազմին՝ հավաքականի կազմում ընդգրկված տղաները չեն կորցրել իրենց որակներն ու կպայքարեն ամենաբարձր տեղերի համար:
Նշենք, որ Սերբիայում կայանալիք մրցաշարը նախատեսված է դեկտեմբերի 12-18-ը: Ընտրանին մրցավայր կմեկնի դեկտեմբերի 14-ին, մրցագորգ դուրս կգա արդեն դեկտեմբերի 17-ին և 18-ին: