Խաղաղապահ առաքելության շրջանակներում Արցախում մոտ 300 բնակիչ բժշկական օգնություն է ստացել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 326 քաղաքացու, այդ թվում ՝ 34 երեխայի: Առաջնային բուժօգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ բուժկետեր են տեղակայվել Ստեփանակերտում, Իվանյանում (Խոջալուում) և Լաչինի միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում»,- հայտարարել է նա:
ՌԴ ՊՆ հատուկ նշանակության բժշկական ջոկատի շարժական բրիգադը Այգեստան բնակավայրում խորհրդակցություններ է անցկացրել և մասնագիտացված բուժօգնություն է ցուցաբերել Արցախի 39 բնակչի, այդ թվում՝ 5 երեխայի:
Խաղաղապահ առաքելության շրջանում իրավիճակը վերահսկվում է Орлан-10 ԱԹՍ-ով: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Արցախի տարածքում պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքները շարունակվում են: Ականազերծման ժամանակ ռուս սակրավորներն օգտագործում են Уран-6 բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր: Դրա կիրառումն ապահովում է անձնակազմի լիակատար անվտանգությունը և թույլ է տալիս բարձրացնել տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների արտադրողականությունը:
«Ռուսական խաղաղապահ ուժերի զինվորականները մեկ օրում մաքրել են մոտ 5 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու ոչնչացվել են 444 պայթյունավտանգ առարկա»,- հավելել է գեներալ-մայորը:
Ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ Արցախում ականազերծել են ավելի քան 66 հա տարածք, ավելի քան 23 կմ ճանապարհ, 129 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել են ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա: