ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Ողջունելով հյուրին՝ Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին՝ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն և խնդրի լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն միտված ջանքերի համար:
Նա ընդգծել է, որ պատերազմական գործողություններին Թուրքիայի անմիջական ներգրավումն ու վարձկանների մասնակցությունը փաստ էր, սակայն ի տարբերություն Ֆրանսիայի՝ քաղաքակիրթ աշխարհի կողմից որոշ դեպքերում այդ իրողությունը համարժեք չդատապարտվեց: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը վերաբերող բանաձևի ընդունումը: Դեսպանն իր հերթին նշել է, որ դա Հայաստանի նկատմամբ համերաշխության ուղերձ է և ունի քաղաքական մեծ նշանակություն:
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը՝ ընդգծելով Ֆրանսիայի առանցքային դերակատարումը: Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է:
Դեսպանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կարևորությանը, նշել է, որ դրանով, սակայն, բոլոր խնդիրներին լուծում չի տրվել, և այս առումով կարևոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Այդ ձևաչափը, ըստ Ժոնաթան Լաքոտի, հնարավորություն է տալիս խոսելու երկու կողմերի հետ: Դեսպանի խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ՝ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձը, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը:
Դեսպանն անդրադարձել է նաև ռազմագերիների վերադարձի խնդրին:
Կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև բազմադարյա կապերին և ամուր համագործակցությանը տարբեր մակարդակներում: