Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը, որոնք Արցախ էին այցելել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադիա Գորձունյանի ուղեկցությամբ:
Պաշտպանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ֆրանսիայի կողմից Արցախի ժողովրդին ցուցաբերված աջակցության համար: Նա նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի բարեկամությունը հիմնված է համամարդկային արժեքների վրա, որոնցից ամենակարևորը մարդու իրավունքների ու ազատությունների հարգումն ու պաշտպանությունն է:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և ընդգծել, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների աջակցությունն այդ հանցագործությունների պատշաճ արձանագրման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Պաշտպանը շեշտադրել է, որ միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում կանխարգելել նորանոր հանցագործությունները, ներառյալ՝ արդեն տեղի ունեցած հանցագործությունների հանդեպ անհանդուրժողական վարքի միջոցով:
Ֆրանսիացի խորհրդարանականները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ներդնել բոլոր ջանքերը Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև հետամուտ լինելու ադրբեջանա-թուրքական հանցագործությունների դատապարտման և պատժման հարցում:
Պաշտպանի ուղեկցությամբ հյուրերը այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում տուժած մի շարք բնակելի շինություններ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ և ծանոթացել հասցված նյութական վնասին: