Այսօր կեսօրին լրացավ ընդդիմադիր 16 կուսակցության՝ վարչապետ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար տրված վերջնաժամկետը։
Ժամը 12.00-ից մի քանի րոպե անց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում կոչ արեց քաղաքացիներին՝ այդ պահից սկսած մինչև ժամը 17.00-ն սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ, քանի որ վարչապետը հրաժարական չի տվել։
Սաղաթելյանը նշեց, որ ակցիաները պետք է լինեն օրենքի սահմաններում և հորդորեց չտրվել սադրանքների։
«Դիմում եմ քաղաքացիներին՝ բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների»,- ասաց Սաղաթելյանը:
Դիմելով իրավապահ համակարգին՝ հորդորեց ապահովել ազատ երթեր, ցույցեր ու բողոքներ անելու՝ մարդկանց իրավունքը։