Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ ԱԺ ուղերձի նախագծին: Փակ նիստում հարցը քննարկելուց հետո Մարուքյանն ընթերցեց տեքստը, որով Ազգային ժողովը դիմեց միջազգային հանրությանը՝ հորդորել պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ հայկական կողմին վերադարձնել ռազմագերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումները:
Քառօրյայի մեկնարկին պատգամավորները մի քանի չստացված փորձից հետո որոշեցին՝ քննարկումը պետք է փակ անցկացնել: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պարզաբանեց՝ առաջարկը պատգամավորների 1/5-ինն է: Թեման զգայուն է, առնչվում է մեր ռազմագերիներին և նրանց ընտանիքներին: «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը մեղադրեց «Իմ քայլին»՝ նախորդ օրը խորհրդի նիստում քննարկումը տապալելու փորձերի մեջ:
Եթե ցանկանայինք տապալել քննարկումը, ապա բավարար կլիներ խորհրդարանում քվորում չապահովելը՝ հակադարձեց Լիլիթ Մակունցը: Բաց քննարկման դեպքում կարող են խնդիրներ առաջանալ, նաև սպառնալ մեր ռազմագերիների անվտանգությանը:
Փոխադարձ մեղադրանքներին հաջորդեց քաշքշուկ:
Պատգամավորների քննարկած մնացած հարցերը քվեարկության կդրվեն վաղը: