Մարդասիրական առաքելությամբ և Արցախ մեկնելու պատրաստակամությամբ Հայաստանում է «Ավրորա»-ի մրցանակակիր Միրզա Դինային: Այսօր երկու հիվանդանոցում է եղել, տեսակցել Արցախում ադրբեջանաահաբեկչական հարձակման հետևանքով վիրավորված զինվորականներին, վաղն առավոտյան արդեն Դինային կմեկնի Արցախ:
Միրզա Դինայի («Ավրորա» մրցանակի դափնեկիր)- Համերաշխություն եմ հայտնում հայ ազգին, հայ եղբայրներին ու քույրերին: Փորձը ցույց է տալիս, որ հետպատերազմական ժամանակահատվածը երբեմն ավելի ծանր ու դժվարին է, քան բուն պատերազմի ընթացքը: Դրա համար պետք է ամեն ինչ անենք Արցախի ժողովրդին օգնելու համար:
Դինային մտադիր է իր աչքով տեսնել հետպատերազմական Արցախը, հանդիպել տեղի իշխանության հետ: Միտք ունի նաև Արցախի ժողովրդին օգնելու համար ծրագիր նախաձեռնել: Ահաբեկիչների ճիրանում հայտնված մարդկանց աջակցության հարցում ազգությամբ եզդի ակտիվիստը մեծ փորձ ունի: Նա Սիրիայում և Իրաքում փրկել է իսլամիստ ահաբեկիչների բարբարոսությունից տուժած 1500 մարդու:
Իր հիմնած «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության շնորհիվ նրանց տեղափոխել է Գերմանիա, որտեղ վերականգնողական բուժում են ստացել: 5 տարի «Ավրորա»-ն երախտագիտություն է հայտնում մարդասիրական քայլերով բազմաթիվ կայնքեր փրկող մարդկանց: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2019-ի մրցանակակիրը նկատում է՝ հիմա Արցախի ժողովրդին ձեռք մեկնելու ժամանակն է:
Միրզա Դինայի- Շատ դժվար ու դառն է այն զգացողությունը, երբ մի կողմից թշնամին է հարձակվում, իսկ մյուս կողմից՝ լքված ես բարեկամների կողմից: Հավատացեք ինձ, աշխարհի քաղաքականությունը նավթով ու փողով չի սահմանափակվում: Հակառակը՝ մեծամասնությունը նրանք են, ում համար երկրորդական է՝ նավթամուղն ու գազամուղը որտեղով է անցնում, կամ ով է նստած նավթի պաշարների կամ փողի տոպրակների վրա: Հավատացե՛ք, աշխարհի մեծամասնությունը ձեր կողմից է:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս ընթացքում աշխարհով մեկ բազմաթիվ ծրագրեր է իրականցրել: Հիմա նախաձեռնության քայլերն Արցախի համար են լինելու:
Նիկոլա Ստանիշ («Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն)- Մեր նախագծերը մոտ 1 միլիոն շահառու ունեն: Բայց ժամանակն է, որ «Ավրորա»-ն ծրագրերն ուղղի դեպի Հայաստան ու Արցախ: Երկու շաբաթվա ընթացքում Արցախի բնակչության համար 20 մարդասիրական ծրագիր ենք նախաձեռնել: Նաև օգնել ենք կամավորական աշխատանքին:
Մինչև Արցախ կմեկնեն, այսօր մարվեց ու շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին նվիրված փոստային նամականիշ, որն ունի 350 դրամ անվանական արժեք: Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ»-ը թողարկել է նաև 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի մարդասիրական նախաձեռնությանը: