Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարծում է, որ Արցախի զգալի մասի կորուստը խաթարել է ազգային միասնականությունը:
Գարեգին Բ - Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը:
Միասնականության, հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծելու համար Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպումներ է ունեցել՝ Հոգևոր բարձրագույն դասի, հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, քաղաքական ու ազգային կազմակերպությունների հետ։ Վեհափառի համոզմամբ՝ օրհասական այս վիճակը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ազգային համերաշխության մթնոլորտում՝վարչապետի հրաժարականով:
Գարեգին Բ - Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
Վեհափառի համոզմամբ՝ պետք է գործել ամենայն պատասխանատվությամբ: Երկրի օրենսդիր մարմնին կոչ է անում ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։
Գարեգին Բ - Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
Իշխանությանն ու ընդդիմությանը Հայոց հայրապետը հորդորում է զերծ մնալ բռնություն հրահրող և ատելություն սերմանող արտահայտություններից ու գործողություններից։ Առկա ճգնաժամի հաղթահարման համար հորդորում է միաբանվել, գործել հանուն հայրենիքի լուսավոր ապագայի՝ հերոս նահատակների ուխտը մեր սրտերում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայաստանը նմանեցնում է փոթորկի մատնված մի նավի:
Մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում իրենց բողոքն ու ընդվզումն են արտահայտում ստորագրված փաստաթղթին։
Արամ Ա - Ճակատագրական այս պայմաններուն մեջ, մեր ժողովուրդին միասնականությունը ավելի քան հրամայական է։
Հրամայական է նաև ժողովուրդի ներքին միասնականությունը ու հավաքական կամքը՝ շեշտում է վեհափառը:
Արամ Ա - Ներկա ճգնաժամային պայմաններուն մեջ, կոչ կուղղենք, որ նո՛ւյն սկզբունքներեն ու հանձնառութենեն մեկնած, վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշե հրաժարիլ վարչապետութենեն՝ առիթ տալով Ազգային ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով՝ նոր վարչապետ ընտրելու։
Հայոց հայրապետները սպասում են, որ նոր վարչապետի գլխավորությամբ կազմվելիք անցումային կառավարությունը առաջնահերթ կազմակերպի Ազգային ժողովի արտահերթ ընտրություն: