ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանում ներկայացրեց «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի» փոփոխությունների նախագիծը:
Պատգամավորն ընդգծեց, որ հատկապես այսօր շատ կարևոր է ՀՀ-ում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալը, նաև այնպիսի կուսակցություններ ունենալը, որ կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձնակենտրոն, ավելի հաշվետու ու թափանցիկ:
«Փաթեթում նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Շատ կարևոր ուղղություն է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության խրախուսման մի շարք մեխանիզմների ներդրումը, այդ թվում՝ համագումարի լիազորությունների ընդլայնումը, պարտադիր գումարման պարբերականության հաճախականացումը, որոշումների կայացման փակ, գաղտնի ռեժիմի ավելացումը՝ որպես օրենքի պահանջ»,- ասաց Դանիելյանը:
Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է՝ նշեց պատգամավորը:
«Ավելացվել են մի շարք հստակեցումներ, այդ թվում՝ նաև նվիրատվության, մուտքի վճարների, անդամավճարների հետ կապված՝ միասնական և առավելագույն շեմ սահմանելով ֆիզիկական անձանց համար և արգելելով իրավաբանական անձանց կողմից՝ բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը: Այս նախագծով կուսակցությունների նկատմամբ ընթացիկ ֆինանսական վերահսկողության լիազորությունը ԿԸՀ-ից փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Միաժամանակ շատ կոնկրետ պատժամիջոցներ են նախատեսված՝ վարչական ու քրեական բնույթի կուսակցությունը ապօրինի ֆինանսավորելու կամ կուսակցության ներկայացուցչի կողմից ապօրինի կերպով ֆինանսավորում ներգրավելու տեսակետից: Այսուհետ կուսակցությունների մուտքերն ու ելքերը պետք է լինեն բացառապես անկանխիկ»,- նշեց Դանիելյանը:
Նաև կուսակցությունների ղեկավար կազմի անդամների միջոցները նույնպես հասանելի կլինեն հանրությանը՝ նախատեսելով կուսակցությունների ղեկավարների միջոցների հայտարարագիր նախատեսելով:
2000-ականների սկզբից գործող կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևով ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայներ հավաքած կուսակցությունները ստացել են ֆինանսավորում՝ յուրաքանչյուր քվեի դիմաց տարեկան 40 դրամի շրջանակներում: Առաջարկվող նախագծով փոխվում է մոտեցումը:
«Այդ մոտեցումը նշանակում էր, որ հիմնականում իշխող կուսակցությունները ստանում են այդ ֆինանսի մեծ մասը: Մեր առաջարկած բանաձևով նախատեսվում է, որ համեմատաբար ավելի քիչ ձայներ ստացած կուսակցությունը կստանա ավելի մեծ կշռով գումար, որը նպատակ ունի նվազեցնել խոշոր և փոքր կուսակցությունների միջև ֆինանսական անհավասարությունը գոնե հանրային ֆինանսավորման մասով»,- հայտարարեց Դանիելյանը: