Պատերազմի լուրը լսել, դիմել է ֆրանսահայերին՝ արագ օգնություն կազմակերպել Արցախի համար՝ դեղորայք, սարքավորումներ, անհրաժեշտ պարագաներ: Փարիզից վիրաբույժը առաջին իսկ ինքնաթիռով եկել է Հայաստան, ուղղությունը՝ Արցախ:
Լևոն Խաչատրյան (վիրաբույժ, Ֆրանսիա) - Տեսանք էդ արհավիրքը, փորձեցինք ինչ-որ չափով օգտակար լինել տեղերում:
Պայթող ռումբերին զուգահեռ վիրահատում էր՝ կյանքեր փրկում: Իրավիճակը գնահատելով՝ որոշեց պատերազմից հետո ամսվա 10-ը օրը լինել Հայաստանում, հրավիրել է նաև ֆրանսիացի մասնագետների: Գան և խմբերով աշխատեն Արցախում:
Լևոն Խաչատրյան - Արդեն երրորդ այցն ենք արել, առջևում ևս երեքն ունենք խմբերով. արդեն գիտենք օրերով՝ ովքեր են գալու:
Ամեն անգամ Ֆրանսիա վերադառնալով՝ վիրաբույժին հիացնում է իրենց կառավարության պատրաստակամությունը: Իր բոլոր խնդրանքներն անպատասխան չեն մնացել: Այս անգամ էլ Հայաստան ժամանած պատգամավորներին է փոխանցում իրավիճակը, մինչև կհասնեն, իրենց աչքով կտեսնեն;
Լևոն Խաչատրյան - Քաղաքական շրջանակներում են հայամետ աշխատանքներ տարվում, շնորհիվ հայասեր պատգամավորների, որոնք քիչ չեն:
Ստեփանակերտ այցը սոցիալիստական կուսակցության սենատորը համարում է խիստ անհրաժեշտ: Արցախում կուսումնասիրեն առաջնային խնդիրները, կաշխատեն արագ պայմաններ ստեղծել, որպեսզի տեղացիները շուտ վերադառնան:
Ժիլբեր Լյուք-Դեվինալը (Ֆրանսիացի սենատոր) - Ցանկացած աշխատանք պետք է արագ կազմակերպել: Արդեն ձմեռ է, շատերը չեն լուծել բնակարանի, վառելիքի և էլի շատ հարցեր: Մենք հանդիպել ենք ընտանիքների, որոնք ուզում են Արցախ վերադառնալ, բայց ոչինչ չունեն, կորցրել են: Ես ուզում եմ բոլորին կոչ անել՝ եկեք Արցախ, օգնեք՝ ինչով կարող եք:
Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահը հասցրել է Եռաբլուր գնալ: Տեսածը նաև լուսանկարներով կներկայացնի գործընկերներին: Բարեկամ հայ ժողովրդի տառապանքի համար, համոզված է, ժամանակը կպատժի բոլոր հանցագործներին:
Իզաբել Սանտիագո (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր) - Մեկնում ենք արցախ՝ մեր աչքով տեսնենք իրական արհավիրքը, տեղում գնահատենք կարիքները: Այս ընթացքում շատ տեսանյութեր ենք տեսել: Վստահ եմ, որ դրանք հասել են նաև բոլոր միջազգային կառույցներին: Ցավոք սրտի, նրանց պատասխանը լռությունն էր: Մենք չենք կարող լռել: Այս ցավը մենք հավասարապես կիսում ենք բարեկամ հայ ժողովրդի հետ:
Ֆրանսիան որպես համանախագահ երկիր, պատգամավորների դիտարկմամբ, Մինսկի խմբի աշխատանքը բավարար չի համարում: Կարծում են, որ պատմությունը վերաձևակերպել հնարավոր չէ, բայց այս պահին բանակցությունների համար չկա որևէ այլ հնարավոր հարթակ: Ֆրանսիայի Սենատն ու ԱԺ-ն ընդունել են Արցախի անկախության ճանաչման բանաձևեր: Դա համարում են կարևոր քայլ՝ անկախության ճանաչումը կդառնա կարևոր գործիք արցախցիների անվտանգության հարցում: Արցախ եռօրյա այցից հետո խումբը կմեկնի Ֆրանսիա՝ Արցախին հումանիտար և քաղաքական աջակցությունների նոր փաթեթով: