ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցություններն անցան, ինչպես միշտ ջերմ, դաշնակցային և գործընկերային, ինչպիսիք են Մոսկվայի և Երևանի հարաբերությունները: Այս մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Պուտինի հանձնարարությամբ Երևանում, այնուհետև Բաքվում էր Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ, ՊՆ և մեր մյուս գործընկերների հետ քննարկեցինք նոյեմբերի 9-ին երկրների ղեկավարների կողմից համատեղ հայտարարության ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը: Քննարկեցինք նաև, թե ինչ խնդիրներ են առաջ եկել բոլորիս համար՝ ԼՂ խնդրի ամբողջական կարգավորման, ինչպես նաև ՀՀ և ՌԴ երկկողմ հարաբերությունների համար: Մենք ունենք միասնական դիրքորոշում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ԼՂ հակամարտության համար ստեղծում է բոլոր անհրաժեշտ հիմքերն արդարության հիման վրա՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը հաշվի առնելով:
Մենք բավարարված ենք, որ հրադադարն արդեն մեկ ամիս է՝ պահպանվում է: Վերադառնում են փախստականները, տեղաշարժ կա գերիների և աճյունների փոխանակման, անհայտ կորածների որոնման հարցերում:
Մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ սուր հումանիտար հարցերը կարգավորվեն հնարավորինս շուտ, և այդ ուղղությամբ մենք արդեն նախանշել ենք մի քանի քայլ:
Շնորհակալ ենք մեր բարեկամներին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության բարձր գնահատականի համար: Իմ նշած հումանիտար խնդիրների լուծմանը զուգահեռ առաջնահերթ են նաև ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի վերականգնման և, իհարկե, առողջապահության հարցերը: Կարևոր է նաև տրանսպորտային հաղորդակցության և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը, ինչը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Դա նույնպես իր դրական ազդեցությունը կունենա տնտեսական ակտիվության բարձրացման, ամենօրյա բնականոն կյանքի կազմակերպման հարցում:
Քննարկել ենք նաև հումանիտար արձագանքման կենտրոնի հարցերը: Դա նախագահ Պուտինի նախաձեռնությունն էր: Մենք առաջարկել են այն դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Այժմ քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Կենտրոնի գործունեության մեջ ներգրավված են լինելու ՌԴ բազմաթիվ նախարարություններ և գերատեսչություններ»,- հավելեց Սերգեյ Լավրովը: