ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների մասին նախագծերի փաթեթը, որի համաձայն՝
-
կատարողական թերթի ինստիտուտն առաջարկվում է փոխարինել համարժեք և առավել խնայողական միջոցով՝ պահանջատիրոջ կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներկայացվող հարկադիր կատարման դիմումով․
-
սահմանվել է դատական ակտի ենթադրաբար օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա նվազագույն ժամկետ, որից հետո հնարավոր կլինի ներկայացնել եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման դիմումը.
-
նախատեսվել է կատարողական ծախսերը պահանջատիրոջ վրա դնելու պահանջ, եթե պարզվի, որ հարկադիր կատարման դիմումը ներկայացնելու պահին հարկադիր կատարման ենթակա ակտը կատարված է եղել, այսինքն՝ պահանջատերը չարաշահել է իր դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքը․
-
սահմանվել են հարկադիր կատարման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու, ինչպես նաև կատարողական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ տեղեկությունները հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային եղանակով դատարաններից ստանալու վերաբերյալ իրավակարգավորումներ։
Նախագծերի ընդունումը թույլ կտա նվազեցնել կատարողական թերթի տրամադրման հետևանքով դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունը և նպաստել պահանջատերերի համար կատարողական վարույթի հարուցման գործընթացի պարզեցմանը։
Հաշվի առնելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ապահովման տեսանկյունից քննարկման դրված նախագծերի փաթեթով առաջարկվող լուծումների առանձնահատուկ նշանակությունը՝ խնդրում ենք շահագրգիռ բոլոր անձանց և մարմիններին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային քննարկմանը՝ առկայության դեպքում սահմանված ժամկետում ներկայացնելով նախագծերի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ։