ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր իրենց նախաձեռնած խորհրդարանական լսումներին եզրափակիչ ելութում անդրադարձավ մինչ այդ հնչած գնահատականներին: Դիտարկմանը ի պատասխան, թե վարչապետի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց թիմը, Մարուքյանն ասաց՝ լավ է հնչում, բայց որևէ թեկնածու, որն ի սկզբանե կներկայացնի թիմ, կնշանակի՝ բացառում է այլ ուժերի, թիմերի հետ ներառական գործընթաց տանելը և անցումային կառավարություն ձևավորելը:
«Հետևաբար ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ կլինի այդ կոնսենսուսը, թե ով է անցումային վարչապետի թեկնածուն, կամ կընտրվի վարչապետի թեկնածուն որպես վարչապետ, և այն բոլոր ուժերը, որոնք մասնակցել են այդ կոնսենսուսին՝ այդ բոլոր ուժերից կլինեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հասել են հաջողությունների»,- ասաց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նաև անդրադարձավ, թե ինչ է արել իրենց խմբակցությունը ռազմագերիների խնդրով:
«Ադրբեջանական մամուլում նյութեր կային, որոնցում ասվում էր, որ փորձ է արվելու մեր հայ ռազմագերիներին քայլեցնել զորահանդեսում: Մենք այս խնդրով դիմել ենք ՄԱԿ, Կարմիր խաչ, Եվրոպայի խորհուրդ, տարբեր այլ կառույցների, ՌԴ նախագահին, և այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նման բան տեղի չի ունենալու:
Երկրորդ՝ թե քանի մարդ կա այնտեղ պահվող, պայմանները, վայրերը՝ դիմել ենք Խոշտանգումների կանխարգելման կոմիտե՝ Եվրոպայի խորհրդի, որը միակ մարմինն է, որը կարող է այցելել Ադրբեջան և տեսնել՝ բանտերում ինչ վիճակ է, ովքեր կան, որտեղ են պահվում: Պահանջել ենք ոչ պլանային այցելություն: Կապի մեջ ենք. հիմա քննարկումներ են ընթանում: Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է, որովհետև փաստաթղթի ստորագրման երաշխավորը Ռուսաստանն է, և փաստաթղթի գործողություններին, թե որը երբ է ի կատար ածվում, էլի Ռուսաստանն է հետևում»,-ասաց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենց խմբակցությունն առաջարկել է պատերազմի վերաբերյալ ստեղծել պարիտետային հանձնաժողով, որում ամեն ուժ ունենում է հավասար մասնակցություն:
Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ եղել է Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման առաջարկ, իրենք կհանդիպեն: Շեշտեց՝ որևէ գաղտնի, փակ բան չի լինելու:
«Մենք շարունակում ենք պնդել, որ սահմանադրական ճանապարհով պետք է ցանկացած լուծում լինի»,- ընդգծեց Մարուքյանը: