Նոյեմբերի 9-ի հայտարարությունը անկյունաքարային է կրակի և արյունահեղության դադարեցման առումով: Այս մասին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ասել է այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում:
«Այնտեղ կան որոշակի պարամետրեր, որոնք առնչվում են փախստականների վերադարձին և այլ խնդիրներին, որոնք էլ իրենց հերթին ուրվագծում են ԼՂ հակամարտության կարգավորումը:
Բնականաբար, առաջնահերթ հարցերը մնալու են ընդգրկուն բանակցությունների համար, որոնք կմեկնարկեն, երբ տարածաշրջանում իրավիճակը կայունանա: Ես կիսում եմ Սերգեյ Լավրովի միտքն այն մասին, որ այդ հարցում կա զգուշավոր լավատեսություն:
Կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է հնարավորն անեն, որպեսզի չկրկնվի այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ անցած երկու ամսվա ընթացքում: Մենք նաև կարևորում ենք անցած շաբաթվա ընթացքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած հայտարարությունը, ինչը վկայում է ԼՂ հարցի հետագա կարգավորման համար նախատեսված այդ ձևաչափի միջազգային սատարման մասին:
Ակնկալում ենք, որ առաջիկայում համանախագահները կայցելեն տարածաշրջան, և խորհրդակցություններ կսկսվեն համանախագահների ու արտգործնախարարությունների միջև: Դրա հիման վրա էլ, կարծում եմ, հետագայում հնարավոր կլինի հող նախապատաստել բանակցային նոր գործընթացի մեկնարկի համար»,- ասել է Արա Այվազյանը: