Ազգային ժողովում ընթանում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումները, որի օրակարգում «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է:
Լսումների ընթացքում Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կփոխվի, եթե Կառավարությունը հրաժարական տա, սակայն «Իմ քայլը» խմբակցությունն ընտրի սեփական թեկնածուին: Նա նշեց, որ եթե այդ սցենարը գործի, ճգնաժամային վիճակը երկարաձգվելու է:
Մարուքյանն ասաց, որ եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, այս խորհրդարանը պետք է ցրվի, տեղի ունենան նոր ընտրություններ, նոր խորհրդարանը կորոշի՝ ում ընտրի վարչապետ: «Բայց մենք ունենք կոնսենսուս՝ հիմա ընտրություններ չի կարելի անել: Հետևաբար պետք է այդ իրողության, այդ 88 մանդատանոց իրողության հետ հաշվի նստեք. դուք չեք կարող հաշվի չնստել, ես չեմ կարող հաշվի չնստել. այլընտրանք չկա դրան: Ինչ կառավարություն որ ձևավորվի, ձևավորվելու է նաև իրենց քվեարկության արդյունքում: Իսկ թե այդ քվեարկությունը ոնց է տեղի ունենալու, իրենք ոնց են գալու այդ դաշտ, կարծում եմ՝ իրավիճակի և իրողությունների ճնշման տակ իրենք, ուզեն թե չուզեն, գալու են այդ քննարկմանը:
Եթե իրենք սեփական թեկնածու ունեն, թող ասեն՝ մենք ունենք ավելի լավ թեկնածու, օրինակ, որը կկարողանա բոլորին համախմբել. դա էլ կքննարկենք: Մենք չենք բացառում որևէ տարբերակ»,- ասաց Մարուքյանը: