«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է հայտարարել, որ եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երևան:
Մինչև Արցախ մեկնելը նա մտադիր է ներկա լինել մի շարք միջոցառումների: Միրզա Դինային Հայաստանում կլինի մինչև 2020 թ. դեկտեմբերի 11-ը:
Միրզա Դինային «Ավրորա» մրցանակի 2019-ի դափնեկիր է ճանաչվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ Մարդասիրական մղումներից ելնելով՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական և ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի
ամենախոցելի անդամներին։ Հայաստան կատարած այցի շրջանակում նա կայցելի «Էրեբունի» բժշկական կենտրոն և «Հերացի» հիվանդանոցային համալիր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորվածներին:
Դեկտեմբերի 8-ին տեղի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո Միրզա Դինային կմասնակցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Հայփոստի» համագործակցության արդյունքում թողարկված միջազգային նոր նամականիշի մարման հատուկ արարողությանը: «Ավրորա» մրցանակի դափնեկիրների պատկերով ամենամյա նամականիշ թողարկելու ավանդույթի հիմքը դրվեց 2017-ին՝ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի պատկերով թողարկված առաջին նամականիշով:
Դեկտեմբերի 9-ին Միրզա Դինային կայցելի Արցախ՝ հանդիպելու տեղի ներկայացուցիչներին և պատերազմից տուժած մարդկանց: Այս այցն իրականացվում է «Ավրորայի»՝ մարդասիրության ոլորտի առաջատարներին Արցախ հրավիրելու նախաձեռնության շրջանակում։
«Հատկապես այս տարի շատ դժվար է բոլորիս համար, և հիմա, առավել քան երբևէ, կարևոր է, որպեսզի «Ավրորան» մնա հույսի շողացող փարոս կարիքի մեջ գտնվող յուրաքանչյուրի համար,- նշեց Միրզա Դինային,- ես շատ ուրախ եմ Հայաստան այցելելու այս երկար սպասված հնարավորության համար, որպեսզի անձամբ արտահայտեմ իմ համերաշխությունն ու աջակցությունը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը և այն ամենին, ինչի համար նա պայքարում է: Ցավալի է տեսնել, թե հայերը՝ այս խիզախ ու հինավուրց ժողովուրդը, ինչի միջով են ստիպված եղել անցնել և դեռ շարունակում են անցնել: Մեր ազգերն այնքան ընդհանրություններ ունեն, այդ իսկ պատճառով այստեղ լինելն ինձ առանձնահատուկ ուրախություն է պարգևում»:
Հենվելով զինված հակամարտությունների հետևանքների հաղթահարման իր հսկայական փորձի վրա՝ Միրզա Դինային հնարավորություն կունենա ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող, արցախցիներին ուղղված 20 նախագծերից որոշներին և հանդիպելու անմիջական շահառուների հետ:
Նոյեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված զինադադարից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսեց արցախցիներին անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագիր: #AraratChallengeforArtsakh դրամահավաքից բացի՝ նախաձեռնությունը նաև կոչ է արել իր միջազգային գործընկերներին, որպեսզի կիսվեն գիտելիքով և աջակցություն տրամադրեն Հայաստանում արդյունավետ լուծումներ ապահովելու համար: