Արտգործնախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովին։ Ստորև ներկայացված է ելույթն ամբողջությամբ։
Հարգելի՛ նախագահող,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք սկսել իմ ելույթը՝ սրտանց շնորհավորանքներ հղելով Վիետնամի կառավարությանը և ժողովրդին՝ այս կարևոր միջազգային համաժողովը հյուրընկալելու համար։
Այս տարի լրանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325-րդ ուղենշային բանաձևի ընդունման 20-ամյակը, որը խթան հանդիսացավ խաղաղության ձևավորման, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման համատեքստում կանանց քաղաքական մասնակցության և տնտեսական հզորացման համար։
Մենք խորապես համոզված ենք, որ կանայք մեծ դերակատարում ունեն խաղաղությանն ուղղված փոփոխությունների առաջնորդման գործում, և անվտանգությանն ուղղված ջանքերն ավելի հաստատուն կարող են լինել, եթե կանայք որպես հավասար գործընկերներ ներգրավվեն հակամարտության կանխարգելման, կարգավորման և վերականգնման, ինչպես նաև կայուն խաղաղության ապահովման գործընթացներում։
Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր հանձնառությունների շարքում ներառել է ՄԱԿ ԱԽ 1325 «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի Գործողությունների ազգային ծրագրի կիրարկումը՝ դիտարկելով այն կարևոր գործիք հակամարտության գոտիներում բնակվող կանանց պաշտպանությունն ապահովելու և խաղաղության ձևավորման, հետ կոնֆլիկտային վերակառուցման և վերականգնման գործընթացներում կանանց ակտիվ մասնակցությունն երաշխավորելու համար։
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի առաջնահերթություններից են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային հավասարության պաշտպանությունը և խթանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում կանանց ակտիվ դերակատարման երաշխավորումը, ՀՀ կառավարությունը 2019թ․ փետրվարին հաստատեց 2019-2021թթ․ Գործողությունների ազգային ծրագիրը և ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման ժամանակացույցը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի 80-րդ անդամ պետությունը, որն ընդունել էր Գործողությունների ազգային ծրագիր։
Վերջերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան, որը զուգորդվեց Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազամական աջակցությամբ և Թուրքիայի հովանավորությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, գոյատևման սպառնալիք դարձավ Արցախի 150,000 բնակչության, այդ թվում՝ մեծաթիվ կանանց և երեխաների համար և առաջնային է դարձրեց տուժած բնակչության պաշտպանության խնդիրը։
ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում Ադրբեջանի կողմից սանձազերծված անօրինական, չտարբերակող և անհամաչափ ռազմական գործողությունները և հրետակոծությունը ծանր հարված են հասցրել տարածաշրջանի կենսական քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ներառյալ ծննդատունը և առողջապահական այլ հիմնարկներ։
Հազարավոր տեղահանված ընտանիքներ բախվել են սննդի, ջրի սակավության և առողջապահական խնդիրների։ Այսօր առկա է անհրաժեշտություն՝ իրականացնելու անհատական սոցիալ-տնտեսական և վերականգնողական ծրագրեր, այդ թվում սոցիալ-հոգեբանական վերականգնում՝ հակամարտության ազդեցությանը ենթարկված բնակավայրերում բնակվող և հարկադրաբար Հայաստան տեղափոխված կանանց և աղջիկների համար։
Հայաստանը՝ որպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի և իրավունքների՝ հավասար, առանց խտրականության և ոչ ընտրովի իրացման վճռական աջակից, ընդգծում է, որ հումանիտար արձագանքի համատեքստում՝ ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցում այս սկզբունքի կիրարկումն առանցքային է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժել է ռազմական գործողություններից և միջազգային կազմակերպությունների ներկայության ու անմիջական ներգրավվածության ապահովման վարանումն անընդունելի է։ Արցախահայերի սոցիալական խնդիրները և Արցախում հումանիտար ճգնաժամը պետք է հասցեագրվեն տեղում՝ երաշխավորելու բնականոն կյանքի արագ վերականգնումը։
Հարգելի՛ նախագահող,
Հայաստանը շարունակում է մեծ պատասխանատվություն կրել՝ կանանց իրավունքների հարգման և պաշտպանության երաշխավորման հարցում, և կյանքի է կոչում այս պատասխանատվությունը՝ երաշխավորելով կանանց իրավունքներին վերաբերող միջազգային հիմնարար փաստաթղթերի իրականացումը, այդ թվում՝ Կանանց նկատմամբ բոլոր ձևերի խտրականության վերացման ՄԱԿ-ի կոնվենցիան, Պեկինի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը, 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգի գլոբալ նպատակները և այլ առանցքային փաստաթղթեր։ Վերոնշյալ փաստաթղթերը հիմք են ծառայում կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերում տարբեր ազգային ռազմավարությունների ձևավորման համար։