Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ինչ քայլեր են պետք երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների քննարկման օրակարգում հենց այս հարցն է: Մեկ րոպե լռությամբ Սպիտակի ավերիչ երկրաշարժի և պատերազմում զոհվածների հիշատակը հարգելուց հետո նախաձեռնողները նախ տեղեկացրին՝ քննարկմանը հրավիրել էին նաև իշխող խմբակցությանը, հրաժարվել են մասնակցել:
Ապա Մարուքյանն ամբիոնից ներկայացրեց կետերը, որոնք, ըստ նրա, նպաստելու են երկրում իրավիճակի կայունացմանը: Հիշեցրեց՝ «Լուսավոր Հայաստանը» դեռ նոյեմբերի 14-ին իրավիճակից ելքեր փնտրելու հույսով ներկայացրել էր 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ:
Էդմոն Մարուքյան (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա: Խորհրդարանական երկիր լինելով՝ հասկանում ենք, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանում՝ այս դահլիճում: Եվ խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ՝ անցումային ժամանակաշրջանի վարչապետ: Հասկանում ենք, որ այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը, դա է պատճառը, որ պետք է ընտրել անցումային վարչապետ:
Բազմաթիվ անորոշություններ կան եռակողմ հայտարարության մեջ, որոնք ևս պետք է բանակցությունների առարկա դառնան: Ըստ Մարուքյանի՝ անցումային ժամանակաշրջանի վարչապետն իր կաբինետի հետ պետք է այդ ամենով զբաղվի: «Լուսավոր Հայաստանը» հնարավոր արտահերթ ընտրություններին կմասնակցի վարչապետի իր թեկնածուով: Մարուքյանը պատրաստ է բոլոր ուժերի հետ քննարկումների, անգամ՝ «Իմ քայլի»:
Վիճակն այնպիսին է, որ եթե մենք ուլտիմատումներ դնենք կառավարությանը, զուգահեռ պետք է հեռանա նաև քաղաքային իշխանությունը՝ կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ելույթ ունեցողները խոսեցին նաև կրթական, անվտանգային մի շարք խնդիրների, տնտեսության վիճակի մասին՝ փորձելով մատնանշել հաղթահարման ուղիները: