ՄԱԶԾ «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագրի շրջանակում «MicroStep-MIS» ընկերության 23 ավտոմատ օդերևութաբանական կայաններ են տեղադրվել Երևանի և ՀՀ հինգ մարզերի՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց Ձորի և Արմավիրի օդերևութաբանական կայաններում:
«MicroStep-MIS» ընկերության կողմից ներդրվել է նաև IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների բազան:
Բազայում ներառված են 23 օդերևութաբանական կայանների դիտարկումների տվյալները, ինչպես նաև Ապարանի ջրամբարի, Հրազդան, Մարմարիկ, Քասախ գետերի ավազաններում գործող վեց հիդրոլոգիական դիտակետերի դիտարկումների տվյալները: Նշված վեց հիդրոլոգիական դիտակետերը ԵՄ «Ջրային նախաձեռնություն +» ծրագրի շրջանակներում վերանորոգվել են ու վերազինվել վերջին սերնդի ջրի ռադարային մակարդակաչափերով:
IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների բազայի ներդրումից հետո կազմակերպության ներկայացուցչի կողմից 2020 թ. հոկտեմբերի 20-ին և դեկտեմբերի 4-ին անցկացվել է առցանց ուսուցում` նվիրված համակարգի կարողությունների և հնարավորությունների ծանոթացմանը և օգտագործման կանոններին:
Յուրաքանչյուր ավտոմատ կայան հնարավորություն ունի տվյալները կուտակել իր կուտակիչում (datalogger), ապա հաղորդել տեղադրված սերվերներին, որտեղ դրանք մշակվելու են, անցնելու են որակի ստուգում, արխիվացվելու են։ Համակարգի կառավարման ծրագրային ապահովումը թույլ է տալիս իրականացնել տվյալների հավաքագրում, կոմպլեկտավորում, ՀՕԿ-ի ստանդարտներին համապատասխան հաղորդագրությունների ստեղծում, բաշխում, ինչպես նաև տվյալների և մետատվյալների կառավարում։
IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների բազան բազմաֆունցիոնալ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն ավտոմատ կայաններից և դիտակետերից ստանալ և կուտակել տվյալները, այլ նաև իրական ժամանակում արտածել դրանք տարբեր ձևաչափերով, անհրաժեշտ տվյալները ներկայացնել գրաֆիկական տեսքով և այլն: