Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Սերգել Լավրովի հանդիպումը: Հանդիպումից հետո նախարարները պատասխանեցին ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
«Լուրեր»-ի թղթակցի հարցին ի պատասխան, թե որոնք են լինելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի հիմնական ուղղությունները, և ինչպես է Ռուսաստանի մարդասիրական կենտրոնը փոխգործակցում ԼՂ իշխանությունների հետ, Սերգեյ Լավրովը նշել է.
«Մինսկի խմբի համանախագահները վերջին տարիներին մեծ աշխատանք են կատարել: Նրանք նաև կողմերի հետ համաձայնության են եկել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, որոնք հիմք են հանդիսացել եռակողմ համաձայնագրի ստորագրման համար: Համաձայնագրում ամեն ինչ ամրագրված է, բոլոր կետերը հնարավորինս արդյունավետ իրականացվում են: Խաղաղապահները և մարդասիրական կենտրոնը համագործակցում են տեղի բնակչության հետ: Ռուս խաղաղապահները և ՌԴ ԱԻՆ փրկարարները տեղակայման առաջին իսկ րոպեներից ապահովել են տեղահանված անձնանց՝ ԼՂ անվտանգ վերադարձը: Մարդիկ տեսնում և հավատում են մեր ջանքերին, և մենք ամեն կերպ կփորձենք արդարացնել նրանց ակնկալիքները: Դրան կնպաստեն նաև Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ մարդասիրական արձագանքման կենտրոնի շուրջ ընթացող բանակցությունները: Փաստաթղթերը քննարկվում են համապատասխան կառույցների հետ:
Կցանկանայի առանձնացնել նաև ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու իրավական շրջանակների ճշգրտման հարցը: Այսպիսով, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես համաձայնեցված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Պետք է առանձնացնեմ ևս մի խնդիր, որի լուծման համար համանախագահները կարող են օգտագործել իրենց հեղինակությունը: Դա միջազգային կազմակերպությունների ներգրավումն է: ԿԽՄԿ-ն վաղուց է իր գործունեությունը ծավալում (Հայաստանում, Ադրբեջանում և Արցախում), սակայն ՄԱԿ-ի կազմակերպությունները, թեև գործում են Հայաստանում և Ադրբեջանում, բայց Ղարաբաղում ներկայացված չեն: Այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխատում է գնահատման առաքելության ձևավորման ուղղությամբ։ Ակնկալվում է, որ առաքելությունը կուղարկվի (Ղարաբաղ) դեկտեմբերի կեսերին:
Հատուկ ուշադրության է արժանի Լեռնային Ղարաբաղում կրոնական և մշակութային վայրերի պահպանման հարցը։ Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսները:
Կարծում եմ՝ Ֆրանսիան, ինչպես նաև ամերիկյան կողմը, կարող են այս հարցում առանձնահատուկ դեր խաղալ»: